Երևանում հասարակական տրանսպորտի ուղեվարձի սակագնի վերանայման հարցով հանձնաժողովի աշխատանքները շարունակվում են և այս պահին դեռևս հստակ ոչինչ չկա: Այս մասին Ազգային ժողովի տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման հարցերի և ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովներում ՀՀ 2013թ. պետական բյուջեի կատարողականի քննարկման ժամանակ ասաց Երևանի քաղաքապետի տեղակալ Կամո Արեյանը՝ պատասխանելով ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանի հարցին: «Հիմնավորումների աշխատանքներում ներգրավված են նաև միջազգային փորձագիտական կազմակերպություններ: Փորձագիտական խմբի արդյունքներն ամփոփվել են նախավերջին նիստի ընթացքում և հիմա էլ ընթանում են քննարկումներ: Երբ կավարտվեն քննարկումները և հանձնաժողովը կամփոփի իր աշխատանքները, այդ ժամանակ էլ հնարավոր կլինի գնահատել տրանսպորտի սակագնի չափը»,- ասաց նա:

 

Երևանում ավտոբուսային (միկրոավտոբուսային) կանոնավոր ուղևորափոխադրումների վարձը 2013 թվականի հուլիսի 20-ից 1 ուղևորի համար սահմանվել էր 150 դրամ, իսկ տրոլեյբուսներով իրականացվող կանոնավոր ուղևորափոխադրումների վարձը' 100 դրամ: Հասարակական դժգոհության ալիք էր բարձրացել, և հուլիսի 25-ին Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը կասեցրել էր ուղեվարձի թանկացման որոշումը' ստեղծելով տրանսպորտի սակագնի հարցը կարգավորող հանձնաժողով, որտեղ ընդգրկվել են բոլոր շահագրգիռ կողմերը: