Նախագահ Սերժ Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Եվրոպայի ժողովրդական կուսակցության նախագահ Ժոզեֆ Դոլին: ՀՀ նախագահը Հայաստանի հանրապետական կուսակցության և անձամբ իր անունից ջերմորեն շնորհավորել է Ժոզեֆ Դոլին և Եվրոպայի ժողովրդական կուսակցո ւթյանը մայիսի 22-25-ը կայացած Եվրոպական խորհրդարանի ընտրություններում ԵԺԿ հաղթանակի կապակցությամբ:

 

«Ինչպես նախորդ, այնպես էլ այս ընտրություններում ԵԺԿ-ի՝ որպես Եվրոպան համախմբող, եվրոպական ինքնությունը և գաղափարն առաջ մղող ամենաազդեցիկ քաղաքական ուժի հաղթանակը միանգամայն սպասելի էր: Այս դժվարին ժամանակաշրջանում տարած հաղթանակը ևս մեկ անգամ ապացուցում է, որ ԵԺԿ-ն և նրա անդամ կուսակցությունները շարունակում են մեծ վստահություն վայելել եվրոպացի ընտրողների շրջանում:

 

Հավատացած եմ, որ ԵԺԿ ընտանիքը կշարունակի սատարել Հայաստանին Հայաստան-Եվրոպական միություն հարաբերությունների հետագա ընդլայնման և խորացման գործում»,- ասված է ՀՀ Նախագահի շնորհավորական ուղերձում: