Ուկրաինացի փորձագետը կարծում է, որ հայ-ուկրաինական ջերմ ու բարեկամական հարաբերությունները չեն կարող խաթարվել: Երևանում կայացած «Ուկրաինայում նախագահական ընտրությունները եւ դրա հավանական ազդեցությունը ԱլԳ տարածաշրջանի, մասնավորապես' Հայաստանի ներքին եւ արտաքին քաղաքականության վրա» թեմայով կլոր-սեղան քննարկման ժամանակ տեսակամուրջի միջոցով այս մասին հայտնեց Արևելյան գործընկերության բոլոր վեց երկրներում իրականացվող «Երկխոսություն քաղաքացիական հասարակության հետ' հանուն առաջընթացի» ծրագրի ներկայացուցիչ Ալեքսեյ Սոլդատենկոն:
Հարցին, թե ինչպիսին է հայ-ուրաինական հարաբերությունների հեռանկարը' հաշվի առնելով ՄԱԿ-ում Հայաստանի քվերակությունը Ղրիմի հանրաքվեի օգտին, ուկրաինացի քաղաքացիական հասարակության ներկայացուցիչը նշեց. «Հայաստանի քվերակությունը Ղրիմի հանրաքվեի օգտին պրակտիկորեն չի ազդել ուկրաինական հասարակության' հայերի նկատմամբ ունեցած դրական վերաբերմունքի վրա, չի ազդի նաև հետագա Հայաստան-Ուկրաինա հարաբերությունների վրա: Ես չգիտեմ, թե ինչքան մարդ գիտի այդ քվերակության մասին, բայց մեզ մոտ ավելի շատ մարդ գիտի, որ Ուկրաինայի եվրոպական ապագայի և ազատ ապագայի համար Մայդանում առաջին զոհը հայ է եղել: Հայ և ուկրաինացի ժողովուրդների միջև ջերմ ու բարեկամական հարաբերությունները չեմ կարծում, որ կխաթարվեն»,-ասաց փորձագետը:
Կապված այն մտահոգությունների հետ, որ Ուկրաինան դուրս է գալու ԱՊՀ կազմից և երկիր մուտքի համար գործելու է վիզային ռեժիմ' փորձագետը նշեց, որ չի կարծում' Հայաստանի, Վրաստանի ու հետխորհրդային մյուս երկրների հետ հաստատվի վիզային ռեժիմ: «Ուկրաինան ԱՊՀ տարածքից դուրս գալու մասին հայտնել է դեռ մարտին, ներկայում փաստաթղթերը գտնվում են Գերագույն Ռադայում: Վիզայի ռեժիմի ներդրման առումով կարող եմ ասել, որ այն այս պահին դարձել է հռետորական հարց, քանի որ ռուսական սահմանն Ուկրաինայի համար դարձել է ռազմական վտանգի աղբյուր: Եվ մենք հասկանում ենք, որ այդ սահմանը պետք է ուղղակի փակվի: Մյուս պատճառը սահմաններ փակելու. եթե Ուկրաինան ուզում է ԵՄ-ի հետ ունենալ առանց վիզայի ռեժիմ, պետք է Եվրոպային ցույց տա, որ վերահսկում և անվտանգ է պահում իր բոլոր սահմանները: Ես չեմ կարծում, որ դա կբերի վիզային ռեժիմի հաստատման մեր հետսովետական ընկերների հետ, առավել ևս Վրաստանի ու Հայաստանի հետ»,-ասաց Ալեքսեյ Սոլդատենկոն:
Խոսելով Ուկրաինայում հետընտրական իրավիճակի և երկրում կայություն հաստատելու քայլերի մասին' Ալեքսեյ Սոլդատենկոն ասաց, որ Ուկրաինայի քաղաքացիների տրամադրվածությունը նախագահական ընտրություններից հետո դրական է, նրանք ակնկալում են կտրուկ փոփոխություններ ու կայունության վերականգնում: «Եթե նայենք ընտրությունների արդյունքներին, կտեսնենք, որ այն տրամաբանական շարունակությունն է այն գործընթացների, որոնց մենք ձգտում էինք Եվրամայդանի միջոցով: Երկրորդը' երևի թե Ուկրաինայի պատմության մեջ առաջին անգամ ընտրության արդյունքները հավասար են երկրի բոլոր շրջաններում. գրեթե բոլոր շրջաններում Պորոշենկոն զբաղեցրել է առաջին տեղը: Սոցիոլոգները նաև ասում են, որ Պորոշենկոյի հաղթանակը պատահական չէ, քանի որ նա ասոցացվում է փոփոխություների, ԵՄ-ի հետ ինտեգրման, ինչպես նաև մեր հարևան Ռուսաստանի հետ պրագմատիկ հարաբերությունների հաստատելու հետ»,-նշեց Ալեքսեյ Սոլդատենկոն:
Նրա խոսքով' ներկայում քաղաքական գործընթացների երկու կարևոր հարցերը կապված են երկրի արևելքում տիրող իրավիճակի և երկրում արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու հետ:
Անդրադառնալով նախագահ ընտրված Պյոտր Պորոշենկոյի այն հայտարարությանը, որ վաճառելու է իր բիզնեսները, որպեսզի ազատվի օլիգարխի «կոչումից»' ուկրաինացի փորձագետը փաստեց, որ այդ քայլը ինքնին ենթադրելի էր ու պահանջված ուկրանական հասարակության կողմից, որը արմատական փոփոխություններ է ակնկալում:
Ուկրաինայում նախագահական ընտրությունները տեղի են ունեցել մայիսի 25-ին: ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն շնորհավորական ուղերձ է հղել Ուկրաինայի նոր ընտրված նախագահ Պյոտր Պորոշենկոյին: