Կառավարության այսօրվա նիստի որոշմամբ կրթության նախարարության բյուջեից 60 մլն դրամ է հատկացվելու ԵԿՄ-ին' պատանի երկրապահների հայրենասիրական դաստիարակության համար: Այս փաստը տարաբնույթ մեկնաբանությունների տեղիք է տվել' թե ինչո՞ւ են նման գումարներ հատկացվում, թե կան երկու ոտքերից զուրկ ազատամարտիկներ, որ փող են մուրում, իսկ պետությունը նման շռայլություններ է թույլ տալիս: ԵԿՄ դիրքորոշումը ճշտելու համար դիմեցինք ԵԿՄ վարչության նախագահի խորհրդական Վարդան Վարդանյանին: Ստորեւ հրապարակում ենք նրա պարզաբանումը:

 

- Անգրագետ են, չկամ, թշնամի այն մարդիկ, ովքեր չեն հասկանում կամ չհասկանալու են տալիս, թե երկրի, պետության, ազգի համար ինչ նշանակություն ունի պատանի սերնդի ռազմահայրենասիրական դաստիարակումը: Ինչպե՞ս կարելի է դեմ լինել պատանիների հայեցի կրթմանը, դաստիարակմանը: ԵԿՄ-ն շատ լուրջ աշխատանքներ է տանում պատանի սերունդի ռազմահայրենասիրական դաստիարակության ուղղությամբ: Դա մեզ համար սկզբունքային նշանակություն ունեցող, ռազմավարական խնդիր է: Սպարապետ Վազգեն Սարգսյանն է ասում. «Մենք մեր զինվորով ենք որոշելու մեր ուժգնությունը, մեր երկրի ու պետության ճակատագիրը: Իսկ մեր զինվորը գալիս է ընտանիքից, դպրոցից, մանկապատանեկան կառույցներից»: 1997 թվականին հիմնադրվեց «Պատանի երկրապահ» կառույցը: Հետագայում, Սպարապետի ժառանգությանը հավատարիմ, այս կառույցով լրջորեն զբաղվեց ԵԿՄ վարչության նախագահ Մանվել Գրիգորյանը: Մենք պետք է հասկանանք, որ պատանիները Հայաստանի ապագան են: ԵԿՄ-ն այս երեխաներով զբաղվում է տարիներ շարունակ: Ասեմ, որ իրական ծախսերը բազմապատիկ ավելի են: Տարեկան 60 միլիոնը մի մասն է այն ծախսերի, որ մենք կատարում ենք: Պարզապես սկզբունքը հետեւյալն է: Պատանիները պետք է զգան, որ իրենց թիկունքում պետությունն է, որ իրենք ոչ մեկի սեփականությունն էլ չեն, այլ' իրենցով զբաղվում է Հայաստան պետությունը: Այսօր մենք ունենք պատանիների 70 մարզիչ, որ էնտուզիազմով, առանց վարձատրության նվիրվում են վաղվա Հայաստանին' գալիք սերունդներին: Այս մարզիչների մեծ մասը պատերազմի բովով անցած տղաներ են կամ զոհված, անհայտ կորած, հաշմանդամ ազատամարտիկների զավակներ, ընտանիքների անդամներ: Այո՛, մենք հասցրել ենք այս համակարգը լուրջ աստիճանի, բայց անհրաժեշտ է, որ հետայսու այս մարզիչները վարձատրվեն, անհրաժեշտ է աշխատանքներում ընդգրկել առավել պրոֆեսիոնալ կադրերի: Կամ պատանիների հանդերձի խնդիրը: Մարտի 5-ին' Սպարապետի ծննդյան օրը, Եռաբլուրում 3 000 պատանիների երդման արարողություն էր: Այս պատանիներին, որոնց թիվն օրեցօր աճում է, համազգեստով պետք է ապահովենք: Անհրաժեշտ ծախսերը շատ են' տրանսպորտային խնդիրներից մինչեւ հայրենասիրական գրականության հրատարակում, տարածում եւ այլն: Ի դեպ, ekm.am պաշտոնական կայքում կարող եք ծանոթանալ պատանիների ծրագրերին: Հասել ենք այն աստիճանին, որ անհրաժեշտություն կա, որ պատանի երկրապահների կառույցներ ստեղծվեն բոլոր դպրոցներում, բոլոր կրթական հաստատություններում:

 

ԵԿՄ «Պատանի երկրապահ» կառույցում այսօր արդեն ընդգրկված են շուրջ 4 000 պատանի: Կառույցներ ունենք ՀՀ բոլոր բաժանմունքներում, ներառյալ' Արցախում: Պատանիներին սովորեցնում ենք հայրենասիրություն, հայրենաճանաչություն, շարային, կրակային պատրաստվածություն, զենքին լիարժեք տիրապետել, մարտարվեստ, հայոց պատմություն, ազգային մշակույթ: Անցկացնում ենք ճամբարային հավաքներ, պատանիները լինում են հայրենիքի ամեն մի անկյունում, բոլոր սահմանամերձ բնակավայրերում, այցելում են զոհվածների պատվին կանգնեցված հուշարձաններ, աջակցում հուշարձանների մաքրման աշխատանքներին: Միայն Արցախյան ուխտագնացությանը, պատերազմի մասնակիցների հետ ամեն տարի մասնակցում են 300 պատանի երկրապահ: Սա հայրենասիրության բաց դաս է պատանիների համար:

Այս կառույցով անցած տղաները բանակի լավագույն կադրերն են դառնում: Նրանք ծառայության են զորակոչվում արդեն լիարժեք պատրաստ վիճակում: Մեր այս կառույցներով անցած տղաներն ու աղջիկները նաեւ պետության լիարժեք քաղաքացի են դառնում, լիարժեք հայ եւ հայրենասեր: Եվ որպեսզի ես շատ երկար չխոսեմ, ձեզ առաջարկում եմ' զրուցեք այստեղ ներկա «Պատանի երկրապահ» կառույցի պատվո պահակային վաշտի երեխաների եւ «Երիտասարդ երկրապահ» կառույցի ներկայացուցիչների հետ:

 

Զրուցեցինք նաեւ պատանիների եւ երիտասարդների հետ, որոնք իսկապես էլ, քաղաքացիական բարձր գիտակցություն ունեն եւ գաղափարական մոտեցում: Երիտասարդներից Գայանե Հովակիմյանն, օրինակ, նշում է, որ ազատամարտիկների փոխարեն վիրավորված է «Գագիկ Սարուխանյան» կոչեցյալի արտահայտությունների համար, թե իբր երկու ոտքից զրկված ազատամարտիկը ողորմություն է խնդրում: «Եթե այդ Գագիկը բոմժ է, ունի բոմժի հոգեբանություն, թող նույնը չասի մեր ազգի քաջ ու նվիրյալ զավակների մասին»: Երիտասարդ երկրապահների կառույցի փոխնախագահ Վաչիկ Հովսեփյանն առավել քան մարտականորեն էր տրամադրված. «Թող սսկվեն մեր հայրերի, մեր Զորավար Մանվել Գրիգորյանի, մեր կրտսեր ընկերների' պատանի երկրապահների հասցեին վայրահաչողները: Այստեղ լուրջ հայրենասիրական ծրագրեր են իրականացվում, այստեղ կուռ շարքերով կանգնած են երեխաներ, որոնցից թուրքն է սարսափում: Այս համազգեստավոր, պւնդ պատանի երկրապահները մեր ազգային անվտանգության երաշխիքն են»:

 

Զրուցեցինք նաեւ պատանիներից մի քանիսի հետ: Ավագ Անահիտ Այդինյանն, օրինակ, նշեց, որ երկրապահում, ավագ սերնդի երկրապահների կողքին ինքը սովորում է լինել հայրենասեր, տիրապետում է զենքի, գիտե պաշտպանել ինքն իրեն ու ընկերներին: Շարքային Զարուհի Հովհաննիսյանը ոգեւորված սպասում է հունիսի 2-ին: Այդ օրը, ընկերների հետ, մեկնելու է երկրապահական ճամբար: Այստեղ անվճար հանգիստն ու դասընթացները ԵԿՄ-ն է երաշխավորում: Զարուհին ասում է, որ պատմության ընծա է համարում այն փաստը, որ հնարավորություն է ունենում անձամբ շփվել Զորավար Մանվել Գրիգորյանի, այլ կենդանի լեգենդների հետ: Շատ կտրուկ արտահայտվեց պատանիներից Կարեն Սարգսյանը. «Թող հայ ազգի թշնամիները, թուրքերը, որքան ուզում են վատաբանեն մեզ: Շունը հաչում է, քարավանը' գնում»: