Առողջապահության նախարարությունն աշխատանքային խումբ է ձևավորել, որը պետք է ուսումնասիրի Գյումրիում ծննդաբերության ժամանակ մայրական մահացության դեպքը: Այս մասին Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը: «Այդ խումբը մեկնել է Գյումրի՝ ուսումնասիրելու բոլոր փաստերը: Վերջնական բոլոր նյութերը քննարկվելու են առողջապահության նախարարությունում, հատուկ նիստում »,- ասաց Մուրադյանը:

 

Նա ընդգծեց, որ մայրական մահացության բոլոր դեպքերը քննարկվելու են նախարարությունում, և լինելու է շատ խիստ մոտեցում: Հարցին, թե արդյոք մահացության այդ դեպքը եղել է բժշկի մեղքով, նախարարը պատասպանեց, որ դա կորոշվի դատարանում:

 

Նախարարը նշեց, որ բացի այդ դեպքից, Գյումրիում ծննդաբերության ժամանակ երկու կանայք ևս բարդություններ են ունեցել: «Այդ դեպքերը ևս եղել են մեր ձևավորած խմբի ուշադրության կենտրոնում: Կանանցից մեկն անմիջապես վիրահատվել է, և երկուսն էլ տեղափոխվել են Երևան' երրորդ կարգի ռեանիմացիայի անհրաժեշտություն զգալու հանգամանքով պայմանավորված»,- նկատեց նախարարը: