Հացամթերքի գնաճ չի նախատեսվում' կապված ստվերային տնտեսություններին հարկման դաշտ բերելու հետ: Այս մասին Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում հայտնեց ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Արմեն Ալավերդյանը' հավելելով, որ այս ոլորտի փոքր բիզնեսին հարկման դաշտ բերելու գործողություններ չեն իրականացվի:
«Հացամթերք արտադրողների հետ հանդիպել ենք, ներկայացրել ենք խնդիրները, որոնք են' գների ոչ ճիշտ ներկայացնելն ու ցուցանիշների համատարած թերհայտարարագրումը: Մենք շատ լավ գիտենք' Հայաստանում քանի հաց արտադրող կա, հազարավոր արտադրողներից իրական փոքր բիզնեսի հետ բացարձակապես գործ չենք ունենալու, աշխատանքը տարվելու է միջին ու խոշոր հացարտադրողների հետ, ովքեր ցույց են տալիս շրջանառություններ, որոնք իրականության հետ ոչ մի կապ չունեն»,-ասաց Արմեն Ալավերդյանը' նշելով, որ աստիճանաբար պետք է հասնեն ստվերի վերացմանÕ ¨, որ գնաճ չլինի:
«Եթե աստիճանաբար գնանք, գների բարձացում չի լինի, եթե կտրուկ քայլեր անենք, հնարավոր է' առանձին գնաճ լինի: Ստվերային բոլոր ոլորտներում շահութաբերությունն այնպիսի է, որ եթե անգամ մեկ-երկու տոկոսը զիջեն, գնաճի վրա չպետք է այն անդրադառնա»,-հավելեց ֆինանսների նախարարի տեղակալը: