Eurovision.tv-n' Եվրատեսիլ երգի մրցույթի պաշտոնական կայքը, ինչպես նշում է tert.am-ը, տեղեկություն է տարածել, որ 2013 թվականի մրցույթին Հայաստանը կարող է ներկայացնել Սիրուշոն: Կայքը նաեւ տեղեկացրել է, որ Հայաստանի հանրային հեռուստաընկերությունը՝ որը որոշելու է Հայաստանից մասնակցին, ոչ հերքել եւ ոչ էլ հաստատել է Սիրուշոյի մասնակցության հավանականությունը: Հանրայինը նույնը ասել է նաեւ tert.am-ին, թե ներկայում ներքին քննարկումներ են ընթանում, եւ չեն կարող տեղեկատվություն տրամադրել դրա մասին, իսկ քննարկումների արդյունքը եւ մասնակցի անունը պարզ կլինի հունվարի վերջին:
Եվրատեսիլի պաշտոնական կայքը հիշեցրել է նաեւ, որ Սիրուշոն ինքը նախկինում արտահայտել է Եվրատեսիլին եւս մեկ անգամ մասնակցելու ցանկություն:
Սիրուշոն առաջին անգամ մասնակցեց 2008 թվականին, իր «Քելե-քելե» երգով զբաղեցնելով 4-րդ հորիզոնականը: Մինչ այդ, Հայաստանը երկու անգամ մասնակցել էր, եւ Անդրեն ու Հայկոն զբաղեցրել էին 8-րդ տեղը: Սիրուշոյի արդյունքն առայժմ Հայաստանի համար լավագույնն է: Նախորդ տարի Հայաստանը չմեկնեց Եվրատեսիլ, որը տեղի ունեցավ Ադրբեջանում:
Ուշագրավ է, որ Սիրուշոյի մասնակցության հնարավորության մասին խոսվում է 2013 թվականին՝ նախագահի ընտրության տարում: Ուշագրավ է այն իմաստով, որ նրա նախորդ մասնակցությունն էլ նախագահի ընտրության տարում էր:
Հայտնի է նաեւ, որ Սիրուշոն Հայաստանի երկրորդ նախագահի՝ Ռոբերտ Քոչարյանի կրտսեր որդի Լեւոնի կինն է: Սիրուշոն վերջին շրջանում հայտնվեց ուշադրության կենտրոնում իր նոր «Պռեգոմեշ» երգով ու հոլովակով: Այն արժանացավ հակասական գնահատականների՝ հանրության մի մասին երգը շատ դուր եկավ, մյուս մասը սկսեց քննադատել Սիրուշոյին Կոմիտասի ստեղծագործությունն աղավաղելու համար:
Երեւի թե կասկած չկա, որ այդ բուռն քննարկումներում դեր կատարեց եւ հենց այն, որ Սիրուշոն Ռոբերտ Քոչարյանի հարսն էր, իսկ «Պռեգոմեշ» երգն էլ իր տեքստային մասով բավական նուրբ քաղաքական կամ հեղափոխական ենթատեքստեր էր պարունակում:
Բանն այն է, որ Հայաստանի քաղաքական կյանքում անձնականի եւ քաղաքականի զուգորդումը բավական տարածված երեւույթ է, այնպես որ զարմանալի չէ, երբ խնամիությունը, կամ հարսները հանրայնորեն դիտվում են որպես քաղաքական կատեգորիա:
Այս իմաստով էլ, հավանական է, որ Սիրուշոյի ընտրությունը լինի ժեստ երկրորդ նախագահ Քոչարյանի ուղղությամբ, այսպես ասած քաղաքական կորստի յուրօրինակ փոխհատուցում արվեստի կամ շոու-բիզնեսի բնագավառում: Հայաստանի նախագահի ընտրական գործընթացում Ռոբերտ Քոչարյանն իր ծրագրով ու ջանքով որոշակի անհաջողության մատնվեց եւ ստիպված էր նահանջել, եւ այդ իմաստով Սիրուշոյի ելույթը Եվրատեսիլում կարող է խորհրդանշել Ռոբերտ Քոչարյանի «Կարապի երգը» քաղաքական կյանքում: Ի վերջո, Կարապն ավելի նրբագեղ է որպես վերջաբան, քան գոմեշը:
Իսկ այն, որ Սիրուշոյի հաջող ելույթը նաեւ պատիվ կլինի Ռոբերտ Քոչարյանի համար, կասկածից վեր է: Իսկ որ Սիրուշոն կունենա հաջող ելույթ, հավանականությունը մեծ է, քանի որ նա իսկապես տաղանդավոր երգչուհի է: