Մեծ Բրիտանիայում 11-ամյա տղայի ծնողներին ձերբակալել են երեխայի նկատմամբ դաժան վերաբերմունքի կասկածանքով: Այդ մասին գրել է The Sun-ը: Ահազանգել են բժիշկները, որոնք հետևում էին 95-կիլոգրամանոց երեխայի վիճակին և անհանգստացած էին նրա առողջության համար:
Ինչպես հայտնել է ոստիկանությունը, ներկայումս ծնողներն ազատված են գրավի դիմաց: Մեծ է այն բանի հավանականությունը, որ երեխան կհանձնվի խնամակալության մարմիններին:
Ծնողները պնդում են, որ իրենց որդու ավելորդ քաշը պայմանավորված է գենետիկ ժառանգականությամբ: Նրանք ջանում էին հսկողության տակ պահել երեխայի քաշը:
«Ես գեր եմ, և ամուսնուս կողմի բոլոր ազգականները նույնպես խոշորամարմին են: Դա գենետիկա է»,- պատմել է տղայի մայրը: Նրա խոսքը հաստատում է նաև հայրը:
Տղայի հայրը նշում է, որ որդու ամենասիրած կերակուրը բրոկոլին է:
Տղան ինքը խոստովանել է, որ ցանկանում է քաշը գցել, որովհետև իրեն թույլ չեն տվել մասնակցել ձիերով դպրոցական ուղևորություններին: Նա նաև պատմել է, որ երբ ընկել է լողավազան, չի կարողացել ինքնուրույն բարձրանալ:
Ծնողներն արդեն ստիպված են եղել համաձայնագիր ստորագրել սոցիալական ծառայության ներկայացուցիչների հետ: Եթե նրանք խախտեն այդ համաձայնագիրը, ապա երեխային խնամակալության հանձնելու գործընթացը կկիրառվի:
Գլխավոր խնդիրներից մեկը, որոնց ներկայումս բախվում է Մեծ Բրիտանիան, ավելորդ քաշն է: Թագավորությունը եվրոպական երկրների թվում առաջին տեղն է զբաղեցնում ավելորդ քաշից տառապող մարդկանց թվաքանակով: Այդ կապակցությամբ իշխանությունները մի շարք միջոցառումներ են իրականացնում, որոնք նպատակամղված են ազգի առողջության պահպանմանը, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: