Իսրայելի Կնեսետը երկրի նախագահ Է ընտրել խորհրդարանի նախկին խոսնակ, հինգ թեկնածուներից աջ ճամբարի միակ ներկայացուցիչ Ռեուվեն Ռիվլինին, որը կփոխարինի Խաղաղության Նոբելյան մրցանակի դափնեկիր Շիմոն Պերեսին, որը հուլիսին ավարտում Է կառավարման յոթնամյա ժամկետը:
Ընտրությունների երկրորդ փուլում «Լիկուդ» իշխող կուսակցությունը ներկայացնող 74-ամյա Ռիվլինին աջակցել են ներկա գտնվող 119 խորհրդարանականներից 63-ը: Նրա մրցակիցը՝ «Խա Տնուա» ձախ կենտրոնամետ շարժումից պատգամավոր, ֆինանսների, ներքին գործերի, արդարադատության նախկին նախարար Մեիր Շիտրիտը հավաքել Է 53 ձայն:
Մնացած երեք թեկնածուները՝ Կնեսետի խոսնակի պաշտոնում առաջին կինը՝ Դալյա Իցիկը, Արդարության գերագույն դատարանի պաշտոնաթող դատավոր Դարյա Դոռները եւ քիմիայի բնավառում Նոբելյան մրցանակի դափնեկիր Դան Շեխտմանը, ընտրարշավից դուրս են մնացել առաջին փուլի արդյունքում:
Պետության ղեկավարն ընտրվում Է խորհրդարանի գաղտնի քվեարկությամբ: Հաղթելու համար նախագահի թեկնածուին պահանջվում Է ապահովել 120 խորհրդարանականներից 61-ի աջակցությունը: Եթե ձայների հարկավոր թվաքանակը չի հավաքվում, անցկացվում Է երկրորդ փուլ: Եթե այդ դեպքում Էլ հաղթողը չի որոշվում, անցկացվում Է երրորդ փուլ՝ ընտրական մրցարշավի երկու առաջատարների մասնակցությամբ: Նախագահ Է դառնում նա, ով հավաքում Է ձայների պարզ մեծամասնություն:
Նախագահի լիազորությունների ժամկետը սահմանափակված Է յոթ տարով: Իսրայելում, որը խորհրդարանական հանրապետություն Է, պետության ղեկավարն օժտված Է հիմնականում ներկայացուցչական գործառույթներով: Իրական իշխանությունը կենտրոնացած Է վարչապետի ձեռքում, հաղորդել Է ՌԻԱ Նովոստի գործակալությունը: