Էլեկտրաէներգիայի սակագնի հնարավոր թանկացումը սոցիալական և տնտեսական արդյունավետության լրջագույն խնդիրներ կարող է առաջացնել: Այս մասին ՀՅԴ խմբակցությունում ՀԾԿՀ նախագահ Ռոբերտ Նազարյանի հետ հանդիպումից հետո լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը: «Ի վերջո յուրաքանչյուր նման բարձրացում ազդում է ապրանքների ինքնարժեքի վրա և այստեղ պատասխանատվություն ունի կառավարությունը»,-ասաց Վարդանյանը:

 

Նա նշեց, որ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովն իրականացնում է իր գործառույթները, և այս դեպքում իրենց դրական կամ բացասական գնահատական տալու խնդիր չունեն: «Սակայն այն, որ այս հարցերը պետք է այլընտրանքային լուծումներ ունենան, դրանում մենք համոզված ենք: Հայաստանի բնակչության, ինչպես նաև տնտեսավարողների համար պետք է լինի էլեկտրաէներգիայի սակագնի կանխատեսելիություն ապագայի հետ կապված, որովհետև բացառված չէ, որ մենք 6 ամիս հետո կարող ենք նույն խնդրի առջև կանգնել»,- ասաց նա՝ ընդգծելով, որ երկրորդ խնդիրը սոցիալական է, որը կառավարության լուծելու հարցն է:

 

Աղվան Վարդանյանը նշեց, որ իրենք համոզված են, որ այդ ֆինանսական ճեղքվածքը, որի մասին բարձրաձայնել է ՀԾԿՀ-ն, հնարավոր է փակել այլընտրանքային մեթոդներով՝ հավելելով, որ իրենք կառավարության առջև այս հարցերը բարձրացնելու են: Որպես օրինակ' Աղվան Վարդանյանը նշեց, որ ՀԵՑ-ը և Երևան ՋԵԿ-ը ունեն վարկեր ներգրավված և հիմա դրանց արտոնյալ ժամկետները լրացել են և եկել է տոկոսնեի և մայր գումարների մարման պահը, իսկ դրանք լուրջ գումարներ են, ուստի պատգամավորն առաջարկում է կառավարությանը միջոցներ գտնել այդ վարկերը վերաձևակերպելու և համակարգը ժամանակավորա պես այդ ծանրաբեռնվածությունից ազատելու համար:

 

ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովն իր նախաձեռնությամբ սկսել է էլեկտրաէներգիայի արտադրության և ծառայությունների մատուցման, ինչպես նաև վերջնական սպառողներին վաճառվող էլեկտրաէներգիայի սակագների վերանայման գործընթացը: ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախնական գնահատմամբ՝ էլեկտրաէներգետիկական համակարգի ընկերությունների ֆինանսական կայունության և սպառողներին հուսալի ու անվտանգ էլեկտրամատակարարման ապահովման նպատակով անհրաժեշտ է շուրջ 20 մլրդ դրամ (առանց ԱԱՀ-ի) լրացուցիչ գումար: Ընկերությու ններում առաջացող ֆինանսական ճեղքվածքը փակելու համար նախատեսվում է բոլոր սպառողական խմբերին մատակարարվող էլեկտրաէներգիայի գործող սակագների բարձրացում 3,8-4,3 դրամ/կՎտժ-ի (ներառյալ ԱԱՀ-ն) սահմաններում:

 

Հանձնաժողովը հրապարակել է էլեկտրական էներգիայի իր հաշվարկած նոր նախնական սակագները: 0.38 կՎ լարման ցանցերից սնվող սպառողների, այդ թվում' տնային տնտեսությունների համար ցերեկային սակագինը 1 կՎտժ-ի համար կկազմի 41.85 դրամ, գիշերային սակագինը' (23.00-ից մինչեւ 7.00)' 31.85 դրամ: 6 (10) կՎ լարման սպառողների համար ցերեկային սակագինը կկազմի 38.85 դրամ, գիշերայինը' 28.85 դրամ: 35 կՎ եւ բարձր լարման բջիջներով սնվող սպառողների համար ցերեկային սակագինը կկազմի 32.85 դրամ, գիշերայինը' 28.85 դրամ:

 

Սակագների բարձրացում վերջին անգամ եղել էր նախորդ տարվա հուլիսին, երբ էլեկտրաէներգիան թանկացավ 8 դրամով: Հոսանքի ցերեկային սակագինը տնային տնտեսությունների համար 30 դրամից դարձավ 38 դրամ, իսկ գիշերային սակագինը հաստատվեց 28 դրամ: