Թուրքիայի խորհրդարանի «Ազգայնական շարժում կուսակցության» (MHP) պատգամավոր Սինան Օհանը հայտարարել է, որ Իրաքի հյուսիսում գտնվող Մոսուլ քաղաքում «Իրաքի եւ Լեւանտի իսլամական պետություն» (ԻԼԻՊ) կոչված ահաբեկչական խմբավորման կողմից թուրքական հյուպատոսության գրավումն իրագործվել է Անկարայի հրամանով: Այս մասին հայտնում է CNN Turk հեռուստաալ իքը:
Նրա խոսքով, Մոսուլում թուրքական հյուպատոսությունը իրաքցի ահաբեկիչներին է հանձնվել առանց որեւէ կրակոցի: Նա նշել է, որ 30 թուրք պահապանների կողմից առանց դիմադրության, առանց ահաբեկիչների' դռները բացելու հյուպատոսությունը հանձնելու հանձնարարականը տրվել է Անկարայից: Նա հայտնել է, որ ընդդիմությունը ունի դրա պացույցները եւ օրերս կհրապարակի իր խոսքերը հաստատող փաստաթղթերը:
Մոսուլում Թուրքիայի գլխավոր հյուպատոսն ու 49 աշխատակիցներ' այդ թվում 30 թուրք ոստիկաններ, երեկ պատանդ են վերցվել ԻԼԻՊ-ի կողմից:
Թուրքական ԶԼՄ-ների հաղորդումների համաձայն, Թուրքիայի իշխանություններին հաջողվել է կապ հաստատել հյուպատոսության աշխատակիցներին առեւանգած ահաբեկիչների հետ, որոնք խոստացել են առանց վնաս հասցնելու հետ վերադարձնել նրանց:
Միջազգային ԶԼՄ-ները հայտնում են, որ Ալ Կաիդա միջազգային ահաբեկչական կազմակերպությանը կից ԻԼԻՊ-ի գրոհայինները Իրաքի բնակչության թվով երկրորդ քաղաք Մոսուլը գրավելուց հետո գրավել են նաեւ Թիքրիթ քաղաքը, որը Իրաքի նախկին առաջնորդ Սադամ Հուսեյնի ծննդավայրն է, եւ այժմ մտադիր են շարժվել դեպի մայրաքաղաք Բաղդադ: Նշվում է նաեւ, որ սունի ծայրահեղականների կազմակերպությունը որոշել է ավերել Իրաքի տարածքում շիաների բոլոր սրբավայրերը: