Քառյակի 12 կետանոց պահանջներում կան պոպուլիստական կետեր, որոնք իշխանության համար ընդունելի չեն: Այս մասին երեկ' Հայաստանի Հանրապետական կուսակցության գործադիր մարմնի նիստի ավարտից հետո, լրագրողների հետ զրույցում ասել է ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը: «Կան կետեր, որոնք ընդգրկված են կառավարության ծրագրում, ինչպես նաև կան կետեր, որոնք սահմանադրական բարեփոխումների առարկա են»,- ասել է Շարմազանովը: Անդրադառնալով ընդդիմությանը վերահսկողական ֆունկցիաներ տալու քառյակի առաջարկին՝ Շարմազանովն ընդգծել է, որ ընդդիմությունն այս պահին պատրաստ չէ դրան:

 

Կուտակայինի վերաբերյալ քառյակի առաջարկի վերաբերյալ ՀՀԿ խոսնակն ասել է, որ այդ հարցի վերաբերյալ արդեն կառավարությունն ու ՀՀ վարչապետն իրենց կարծիքը հայտնել են, իսկ առաջիկայում կլինի նոր օրենքը, որը կներկայացվի Ազգային ժողովի քննարկմանը:

 

Շարմազանվը նշել է, որ կան հարցեր, որոնք սահմանադրական բարեփոխումների առարկա են: «Եթե մենք գտնում ենք, որ երկրում կա համակարգային բարեփոխումների անհրաժեշտություն, ապա դրա լավագույն ճանապարհը սահմանադրական բարեփոխումներն են»,- ասել է նա:

 

Անդրադառնալով 100 տոկոսանոց ընտրակարգին անցնելու քառյակի առաջարկին' ՀՀԿ խոսնակն ընդգծել է, որ արդեն Ազգային ժողովում այդ հարցով օրենսդրական նախաձեռնություն քննարկվել է և քաղաքական մեծամասնությունն իր կարծիքը հայտնել է: «Եթե մեր ընդդիմադիր գործընկերները պնդում են, թե համամասնականին անցնելու դեպքում իշխանությունները չեն կարողանա 50 տոկոսից ավելի ձայն հավաքել, ես պետք է հիշեցնեմ, որ ընդամենը մեկ տարի առաջ Երևանի ընտրություններն անցան բացառապես համամասնական ընտրակարգով, սակայն ՀՀԿ-ն ավելի շատ ձայն հավաքեց, քան բոլոր քաղաքական ուժերը միասին»,- ասել է նա: Շարմազանովն ընդգծել է, որ եթե ընդդիմությունը ցանկանում է, որպեսզի իրենց բոլոր պահանջներն ընդունվեն, ապա դրա լավագույն ճանապարհը 2017թ. խորհրդարանական ընտրություններն են:

 

ՀՀԿ խոսնակն անդրադարձել է նաև ռուս լրագրող Դմիտրի Կիսելյովի հայտարարություններին, որոնք վերջինս հնչեցրել էր ՀՀ Ազգային ժողովում՝ ընդգծելով, որ Կիսելյովն այն անձը չէ, ում մասին կարելի է օրերով խոսել: