Հայ-ռուսական համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի նիստի ընթացքում հայկական պատվիրակության անդամները բարձրացրել են Ռուսաստանի կողմից Ադրբեջանին զենքի վաճառքի հարցը: Այս մասին Ազգային ժողովում հայ-ռուսական համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովում հայկական պատվիրակության ասուլիսի ընթացքում տեղեկացրեց պատվիրակության ղեկավար, ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը: «Մենք այդ հարցը բարձրացրել ենք Ռուսաստանի Դաշնության պետական դումայի փոխխոսնակի հետ, ինչպես նաև Դաշնային խորհրդի նախագահի տեղակալի հետ հանդիպումներում, այնուհետև' Նիժնի Նովգորոդում անցկացվող հանձնաժողովի նիստի ընթացքում: Ռուս պաշտոնյաների կողմից հնչել են մտահոգություններ Ադրբեջանի սպառազինության հետ կապված: Այդ թեմայով եղել են քննարկումներ բանավեճեր»,- ասաց Նաղդալյանը:
Միևնույն ժամանակ, ԱԺ փոխնախագահը նշեց, որ ռուս պաշտոնյաները հավաստիացրել են, որ դրանով ռազմական հավասարակշռությունը չի խախտվում: «Նրանք մեզ հավաստիացրել են, որ մենք այս հարցում անհանգստանալու առիթ չունենք»,- ասաց Նաղդալյանը: