Ըստ Չեչնիայի ղեկավար Ռամզան Քադիրովի' «Ուկրաինայի, այսպես կոչված, արտաքին գործերի նախարար» Անդրեյ Դեշիցային հունիսի 14-ի իրադարձություններից հետո այլ ընտրություն չի մնացել, բացի հրաժարական տալուց: Այս մասին հայտնում է Комсомольская Правда-ն:

 

Չեչնիայի նախագահ Ռամզան Քադիրովը մեկնաբանել է Ուկրաինայի արտաքին գործերի նախարար Անդրեյ Դեշիցայի քայլը:

 

«Այս միջադեպը ցույց է տալիս, որ Կիևում իշխանության են եկել մարդիկ, ովքեր չունեն պատկերացում քաղաքականության, դիվանագիտության և էթիկայի մասին: Դեշիցան թույլ է տվել իրեն վիրավորական և անհարիր վերաբերմունք' դեպի Ռուսաստանի նախագահը և այդ արարքի համար պետք է հրաժարական տա: Նման անպարկեշտ հայտարարություններ իրենց թույլ չեն տալիս նույնիսկ պատերազմող երկրների պաշտոնատար անձինք»,- գրել է Չեչնիայի ղեկավարն իր Instagram-ում:

 

Քադիրովը վստահ է, որ այժմ Ուկրաինայի իշխանությունները պետք է ամեն առավոտ սկսեն միջադեպի համար հրապարակային ներողություն խնդրելով:

 

«Դեշիցան վիրավորել է ամբողջ ռուս ժողովրդին: Դրա համար պետք է պատասխան տալ: Եթե նա կարծում է, որ մանկական բացատրություններ տալով, թե իբր ընդամենը ձայնակցել է ցուցարարներին, ու նման բան այլևս չի կրկնի, կարող է «գլուխն ազատել»' խորապես սխալվում է: Վլադիմիր Պուտինը մեր ազգային առաջնորդն է, նախագահը, գերագույն հրամանատարը: Համոզված եղեք, որ պատասխան կտան նրանք, ովքեր ոչ կոռեկտ են արտահայտվում մեր նախագահի, ազգային առաջնորդի և գերագույն հրամանատարի մասին, և եթե Դեշիցան ծնկի իջած ներողություն չխնդրեց կամ չհասկացավ, որ պետք է ծնկի գալ, ապա նրան կհուշեն, թե ինչպես դա անել»,- գրել է Քադիրովը:

 

Հիշեցնենք, որ հունիսի 14-ին մի քանի տասնյակ ցուցարարներ անկարգություններ էին հրահրել Կիևում Ռուսաստանի դեսպանատան շենքի մոտակայքում: Այս միջադեպի ընթացքում հավաքված ցուցարարներին է մոտեցել Ուկրաինայի արտաքին գործերի նախարար Անդրեյ Դեշիցան, բայց փոխանակ զսպելու խռովությունները, նա բարձրացրել է Ռուսաստանի հետ սահմանի փակման հարցը, իսկ հետո, որպեսզի շեշտի իր հստակ դիրքորոշման մասին, անպարկեշտ բառապաշարով երգ է կատարել նախագահ Վլադիմիր Պուտինի մասին: