Բաքվի Սաբայիլի շրջանի ոստիկանությունը երեկ անցկացրած օպրեատիվ-որոնողական միջոցառումների արդյունքում ձերբակալել է 19 վահաբիների (իսլամի սունի արմատական աղանդ) եւ հանձնել Ազգային անվտանգության նախարարությանը: Այս մասին հայտնում են ադրբեջանական ԶԼՄ-ները:

 

Գործողություններն անցկացվել են Բաքվի «Աշուրբեկ» եւ Փաթամդար ավանի «Լեզգի մեսչիդի» մզկիթներում: Միջազգային ահաբեկչական կազմակերպությունների հետ կապերի մեծ կասկածվող անձինք ձերբակալվել են հենց մզկիթում: Նրանց մեծ մասը ձերբակալվել է Փաթամդարի մզկիթում, որը համարվում է վահաբիների հավաքատեղի: Ձերբակալվածների նկատմամբ ահաբեկչության հոդվածով քրեական գործ է հարուցվել: Բաքվի Սաբայիլի ոստիկանությունը ԶԼՄ-ներին հայտնել է, որ վահաբիների ձերբակալության ժամանակ կասկածյալները կատաղի դիմադրությու են ցույց տվել:

 

Jam.az լրատվական կայքը հայտնել էր, որ Ադրբեջանում գործող «Մեշա գարդաշլարը» (Անտառի եղբայրներ) եւ «Ջեյշուլլահ» (Ալլահի բանակ) արմատական իսլամիստական կազմակերպությունները հունվարի 29-ին հանդես էին եկել Ադրբեջանի իշխանության դեմ ահաբեկչական գործողություններ սկսելու մասին հայտարարությամբ: Նրանք սպառնացել են Բաքվում առաջին իսկ հարձակման ժամանակ 100 ոստիկան սպանել: «Ջեյշուլլահ» կազմակերպության տարածած հայտարարության մեջ էլ ասվում է, որ շուտով իրենք ջիհադ (սրբազան պատերազմ) են հայտարարելու Ադրբեջանում: