Աթենքում կազմավորվել է Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցի հիշատակման միջոցառումներին նվիրված Հունաստանի միացյալ մարմինը: Մարմնի կազմում են Հունաստանում Հայաստանի դեսպանատան, ՀՅԴ Հունաստանի կենտրոնական կոմիտեի եւ ՌԱԿ Հունաստանի Շրջանային վարչության ներկայացուցիչներ: «Արմենպրես»-ի հետ զրույցում Հայոց ցեղասպանության 100-ամյակի Հունաստանի միացյալ մարմնից տեղեկացրեցին, որ մարմնի ստեղծման նպատակն է բարձր մակարդակով միջոցառումներ կազմակերպել հարյուրամյա տարելիցին ընդառաջ եւ գիտակցությամբ եւ հանձնառությամբ տեր կանգնել արդար իրավունքներին:

 

«Ցեղասպանությունից 100 տարի անց էլ Թուրքիան շարունակում է հավատարիմ մնալ հայ ժողովրդին բնաջնջելու իր ծրագրին եւ դա փորձում է տարբեր կերպ իրականացնել: Թուրքիան փորձում է դա իրականացնել, քանի որ իր գործած ոճրագործությունն անպատիժ է մնացել»,- ասացին Հունաստանի միացյալ մարմնից:

 

Մարմնի գնահատմամբ, Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցի նշումը հիշեցում է միջազգային հանրությանը, որ Թուրքիան բաց հաշիվներ ունի հայության եւ համայն մարդկության առջեւ եւ շարունակում է անտեսել մարդկային, բարոյական եւ իրավական համաշխարհային արժեքներն ու սկզբունքները:

 

Մարմինը նաեւ հայտարարություն է տարածել, որտեղ Հունաստանի հայկական համայնքին կոչ է անում միահամուռ զորավիգ կանգնել Հունաստանի միացյալ մարմնին եւ մասնակից դառնալ բոլոր միջոցառումներին, բարոյապես եւ նյութապես սատարել հունահայ գաղութում Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցի արժանավայել ոգեկոչման միջոցառումների անցկացմանը:

 

Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի կարգախոս է ընտրվել «Հիշում եմ և պահանջում» կարգախոսը, իսկ խորհրդանիշը Անմոռուկ ծաղիկն է: ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, ի թիվս աշխարհի բազմաթիվ պետությունների ղեկավարների, Թուրքիայի ապագա նախագահին նույնպես հրավիրել է Երեւան Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցը Ծիծեռնակաբերդում ոգեկոչելու նպատակով: Հայաստանի բոլոր համայնքներում կկազմակերպվեն միջոցառումներ: Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը 2015թ. իրականացնելու է Հայոց ցեղասպանության զոհերի սրբադասման արարողությունը և կատարելու է Մյուռոնօրհնեքի արարողություն: