Թուրքիայի կառավարությունը Լիբիայի ռիսկային տարածաշրջաններից հայրենիք է վերադարձնում իր քաղաքացիներին' հարկադրված լինելով կատարել 48 ժամվա ընթացքում թուրք քաղաքացիների' երկրից հեռանալու մասին լիբիացի գեներալի պահանջը: Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է թուրքական «Ջումհուրիեթ» թերթը:

 

Լիբիայի նախկին գեներալ Հալիֆե Հաֆթերն իր խոսնակ Մուհամադ ալ Հիջազիի միջոցով երկու օր առաջ հայտարարել է, որ եթե Թուրքիան եւ Քաթարը իրենց քաղաքացիներին 48 ժամվա ընթացքում դուրս չբերեն երկրի արեւելքից մինչեւ արեւմտյան Սիրթ քաղաք ձգվող տարածքներից, ապա կսկսվեն նրանց ձերբակալությունները: Լիբիական կողմը թուրք եւ քաթարցի քաղաքացիներին մեղադրում է իրենց երկրների օգտին լրտեսություն կատարելու մեջ:

 

Լիբիացի գեներալի այդ հայտարարությունը խուճապ էր առաջացրել թուրք քաղաքացիների շրջանում: Թուրքական կառավարությունը Լիբիայի այդ զգայուն տարածքներից երեկ եւ այսօր դուրս է բերել իր բոլոր քաղաքացիներին' Հալիֆե Հաֆթերի վերահսկողության տակ ռիսկային շրջաններում թողնելով մոտ 100 թուրք քաղաքացիների: Նշվում է, որ նրանք սեփական ցանկությամբ են մնում Լիբիայում, քանի որ բնակվում են համեմատաբար կայուն շրջաններում: