ԵԽԽՎ ամառային նստաշրջանում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին ուղղված' այդ երկրում քաղբանտարկյալների մասին հարցը ողջունվել է եվրապատվիրակների ծափերով: Հարցի հեղինակն իռլանդացի պատգամավոր Մայքլ ՄքՆամարան է եղել, ով ԵԽԽՎ-ում հունիսի 23-ին կայացած քվեարկությամբ լիազորվել է զեկույց պատրաստել Ադրբեջանում քաղբանտարկյալների հետ կապված իրավիճակի վերաբերյալ:

 

Ալիևն իռլանդացի պատգամավորին մեղադրել է բամբասանք և կեղծ տեղեկություններ տարածելու մեջ: Նա, հանդուգն պահվածք դրսևորելով, ստախոսներ է անվանել այն պատվիրակներին, ովքեր հարց են բարձրացրել իրենց մասնագիտական գործունեության համար բանտարկված լրագրողների մասին:

 

Ալիևի ելույթն սկսվելուց անմիջապես հետո Եվրոպայում բնակվող ադրբեջանցիներն «Ազատություն քաղբանտարկյալներին» բովանդակությամբ երկար պաստառ են պարզել: Նրանց հագին եղել են Ադրբեջանում քաղբանտարկյալների դիմանկարներով կարմիր շապիկներ:

 

Հայաստանում շատերն էին սպասում, որ հայկական պատվիրակությունն իր հարցերով ևս տհաճ անակնկալներ կմատուցի նրան:

 

Իսկ մինչ այդ, ԵԽԽՎ-ում ադրբեջանական պատվիրակությունը փորձել է բանաձևի նախագիծ մտցնել՝ պատճառաբանելով, թե իբր ադրբեջանական տարածքներն օկուպացված են հայկական ուժերի կողմից' առաջարկելով հայկական պատվիրակությանը զրկել ձայնի իրավունքից: Սակայն այս նախաձեռնությունը տապալվել է, փոխարենը 37 կողմ, 32 դեմ ձայների հարաբերակցությամբ ընդունվել է Ադրբեջանում քաղբանտարկյալների առկայության մասին բանաձևի նախագիծը:

 

ԵԽԽՎ ամառային նստաշրջանում Իլհամ Ալիևի խայտառակ ելույթին մեր պատվիրակության անդամներն այդպես էլ չեն արձագանքել, ինչը բուռն քննարկումների և դժգոհությունների առիթ է դարձել:

 

ՀՀԿ-ական պատգամավոր Արփինե Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում անդրադառնալով քննադատություններին, գրել էր.

 

«Եթե ունես մի քանի վայրկյան տևողությամբ հարցի իրավունք միայն, իսկ պատասխանողն՝ անսահմանափակ ժամանակ՝ իր «հակափաստարկներն» առանց պատասխանի ակնկալիքի հնչեցնելու՝ անհրաժեշտ է հաշվարկել նման հարցի օգտակարության կամ վնասակարության գործակիցը: Եվ դա՝ անկախ հարցի արդարացիությունից կամ որակից: Հարցն ինքնանպատակ չի կարող և չպետք է լինի: Եվ եթե ինքնանպատակ է, ապա դատապարտված է ձախողման, դարձյալ՝ անկախ իր արդարացիությունից կամ որակից: Հայկական պատվիրակության լռությունը հաշվարկված և ինչպես դեպքը ցույց տվեց՝ արդարացված լռություն էր»:

 

Լուրեր.com-ն ադրբեջանագետ Սարգիս Ասատրյանի հետ զրուցեց ԵԽԽՎ-ում Ալիևի ելույթի, հայկական պատվիրակութան լռության և ադրբեջանական մամուլի արձագանքների մասին:

 

«ԵԽԽՎ-ում եվրոպատվիրակները մի այնպիսի իրարանցում էին բարձրացրել, որ հայկական պատվիրակության հարցերի անհրաժեշտությունն արդեն փաստացիորեն կորել էր: Անհրաժեշտ բոլոր անհարմար հարցերն արդեն տրվել էին Ալիևին»,- ասաց Ասատրյանը' հայկական պատվիրակության լռության մասին:

 

Անդրադառնալով մամուլի արձագանքներին' վերջինս նշեց.

 

«Արձագանքները երկուստեք են' կան պրոիշխանական լրատվամիջոցներ և որոշակի պրոիշխանական տրամադրվածությամբ գործիչներ և դեմքեր, ովքեր ասում են, որ սա հերթական երկերեսանի քաղաքականությունն է, որով փորձում են Ադրբեջանի վրա ճնշում գործադրել: Կա նաև ընդդիմադիր փոքրաթիվ զանգված, որ կարողանում է իր կարծիքն արտահայտել համացանցում, նրանք, բնականաբար, նշում են, որ սա խայտառակություն է, որովհետև Ալիևի երեսին «շպրտեցին» ճիշտը»: