ՀՀ Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը ողջունում է Եվորպայի Խորհրդի Խորհրդարանական վեհաժողովում հայաստանյան պատվիրակության միասնական որոշումը ԵԽԽՎ նիստի ժամանակ Ադրբեջանի Նախագահ Իլհամ Ալիևին հարց չտալու վերաբերյալ: ՀՀԿ գործադիր մարմնի նիստի ավարտից հետո Էդուարդ Շարմազանովը, պատասխանելով հարցին, թե ինչպես է վերաբերում այն հանգամանքին, որ ԵԽԽՎ-ում Ադրբեջանի Նախագահի սադրիչ ելույթից հետո հայաստանյան պատվիրակության անդամները նրան հարց չեն տվել, ընդգծեց, որ հայկական պատվիրակության կողմից միասնական որոշում է կայացվել' լռություն պահպանել: «Եթե պատվիրակության անդամները միասնական որոշում են կայացրել, նշանակում է այդ պահին այդպես է պետք եղել, այդպես են նպատակահարմար գտել: Մենք Երևանից չենք կարող որոշել, ինչն է ճիշտ, ինչը սխալ, ուստի, ես մեր պատվիրակությանը քննադատողներին խորհուրդ եմ տալիս չկասկածել, որ մեր պավիրակության անդամները հայրենասեր և պրոֆեսիոնալ մարդիկ են»,- նշեց նա:
Շարմազանովն ընդգծեց, որ ԵԽԽՎ հայաստանյան պատվիրակության կազմում տարբեր քաղաքական ուժերի ներկայացուցիչներ են ընդգրկված, սակայն բոլորն էլ պրոֆեսիոնալ են, և եթե նման որոշում են ընդունել, ուրեմն այդպես է պետք եղել: Շարմազանովն իր որոշ գործընկերների կոչ արեց այստեղից այնտեղ հայրենասիրության դասեր չտալ: