Ի տարբերություն 2013թ. Վիլնյուսում կայանալիք գագաթնաժողովի, որի շրջանակներում պետք է ստորագրվեր եւ նախաստորագրվեր Ասոցացման համաձայնագիր Արեւելյան Եվրոպայի 5 պետության հետ, հունիսի 27-ին Բրյուսելում կայանալիք Վրաստանի, Մոլդովայի եւ Ուկրաինայի ԵՄ-ի հետ Ասոցացման համաձայնագրի ստորագրման արարողությունը շատ ավելի համեստ է, առանց ավելորդ հայտարարությունների, կարեւորության եւ ուշադրության: «Եվրոպական ինտեգրացիա» ՀԿ նախագահ Կարեն Բեքարյանը Բրյուսելում կայանալիք ստորագրման արարողության վերաբերյալ բարձրացրած ոչ մեծ աղմուկը պայմանավորում է այն հանգամանքով, որ Եվրոպայում անգամ «շոու» կազմակերպելու հարցում են դարձել զգուշավոր եւ հասկացել են, որ չի կարելի ավելորդ ուշադրություն եւ ավելորդ աղմուկ բարձրացնել, որը կարող է վնասել իրենց շահերին:

 

«Նախորդ անգամ դա նրանց վրա շատ թանկ նստեց եւ գրեթե պառակտեց մի հսկայական պետություն: Վիլնյուսյան գագաթաժողովից առաջ Եվրամիության բարձրացրած մեծ աղմուկի վատ փորձն ունեցավ հետեւանքներ: Դրական սպասումները չարդարացան' իրենց տեղը զիջելով աղմուկին, խժդժություններին եւ պառակտման, որն էլ բավական մեծ փոփոխությունների հիմքեր, սաղմեր դրեց»,- «Արմենպրես»-ի հետ զրույցում ասաց Կարեն Բեքարյանը' հավելելով, որ ստորագրման փաստը դեռեւս հիմք չէ, այն գործընթացի մի մաս է:

 

«Ստորագրմամբ կյանքը չի սկսվում եւ ավարտվում: Ստորագրված համաձայնագիրը դեռ պետք է վավերացվի եւ հետո ուժի մեջ մտնի: Եթե այդ ընթացքում լարվածությունը թուլանա, եւ Արեւմուտքն ու Արեւելքը պատրաստ լինեն դա ընդունել, ապա իրավիճակը կբերի համաձայնագրի կետերի իրականացմանը, հակառակ պարագայում' առկա մարտահրավերները կշատանան»,- ասաց Բեքարյանը:

 

Նրա գնահատմամբ, թե’ Վիլնյուսյան գագաթնաժողովից առաջ, թե’ այժմ արեւելյան Եվրոպայի 5 երկրներից Եվրամիության հիմնական ուշադրությունն ուղղված էր դեպի Ուկրաինան: Վիլնյուսից հետո Եվրամիության հիմնական խնդիրն ուկրաինական ճգնաժամն էր եւ այս առումով, երբ Ուկրաինան ստորագրում է ԵՄ-ի հետ Ասոցացման համաձայնագիրը, այն թույլ է տալիս տնտեսական այդ միավորին մեկ քայլով առաջ գնալու եւ զբաղվելու նաեւ այլ կարեւորագույն հարցերով:

 

Ըստ Բեքարյանի, Հայաստանի շահն ու օգուտն այն է, որ Ուկրաինայի հետ հարցերը կարգավորելուց հետո Եվրամիությունը կշարունակի Հայաստանի հետ ինտեգրացման քայլերը, եւ քանի որ Եվրասիական տնտեսական միությունը բացառապես տնտեսական հարթակ է, ապա Հայաստանը կարող է ինտեգրվել Եվրամիությանը քաղաքական հարթակներում, եւ այս առումով կարող են սկսել համագործակցության նոր փուլ:

 

«Եվ քանի որ Հայաստանը բազմիցս հայտարարել է, որ իր ապագան եվրոպական բարքերն ու ժողովրդավարությունն է, ապա Ուկրաինայի հետ ԵՄ հարցերը կարգավորվելուց հետո հնարավորության նոր հարթակներ կստեղծվեն արդեն ԵՄ-ի հետ Հայաստանի նոր հարաբերությունների ստեղծման եւ զարգացման համար»,-նկատեց քաղաքագետը:

 

Կարեն Բեքարյանի գնահատմամբ' Վրաստանի' ԵՄ-ի հետ ասոցացման համաձայնագրի ստորագրումը որոշակի փոփոխություններ կբերի նաեւ տարածաշրջանում: «Ճիշտ քայլերի եւ քաղաքականության արդյունքում այդ փոփոխությունները կարող են աշխատել հօգուտ Հայաստանի եւ Վրաստանի: Առաջին հերթին հայ-վրացական սահմանը կդառնա դարպաս տնտեսական- քաղաքական երկու միությունների համար: Բացի այդ, իհարկե կառաջանան որոշակի խնդիրներ, սակայն այս առումով երկու պետությունները, որոնց բարեկամությունն ու դաշնակցությունը շատ ավելի բարձր է կենացային մակարդակից, կկարողանան կարգավորել հարաբերություններն ու ճիշտ լուծումներ գտնել»,- ասաց Բեքարյանը:

 

Հունիսի 27-ին Բրյուսելում նախատեսված է Արեւելյան Եվրոպայի 3 պետությունների' Ուկրաինայի, Վրաստանի եւ Մոլդովայի' Եվրամիության հետ Ասոցացման համաձայնագրի ստորագրումը: Վրաստանն ու Մոլդովան ԵՄ-ի հետ Ասոցացման համաձայնագիրը նախաստորագրել էին նախորդ տարի Վիլնյուսում կայացած գագաթնաժողովի ժամանակ: Ուկրաինան, գագթնաժողովից մի քանի օր առաջ հրաժարվեց համաձայնագրի ստորագրումից, ինչից հետո երկրում իրավիճակը կտրուկ սրվեց' բերելով քաղաքացիական պատերազմի, իշխանափոխության եւ Ղրիմում կայացած հանրաքվեի:

 

Ուկրաինայում այսօր էլ շարունակվում է քաղաքացիական պատերազմը, քանի որ երկրի արեւելյան եւ արեւմտյան շրջաններում ապրող բնակիչներն ինտեգրացիոն տարբեր ուղղությունների կողմնակիցներ են: Ինչ վերաբերում է Հայաստանին, 2013թ. սեպտեմբերի 3-ին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը հայտարարեց, որ Հայաստանը կանդամակցի Մաքսային միությանը: Միաժամանակ Հայաստանը հայտարարեց, որ պատրաստ է Եվրամիության հետ շարունակել բանակցություններն ու համագործակցությունն այն հարցերի եւ ոլորտների շուրջ, որոնք չեն խոչընդոտի Հայաստանի' Մաքսային միության անդամակցությանը: