Ստամբուլի Գումգափը թաղամասում բնակվող հայաստանցիները վերջին շրջանում լարվածության և վախի մթնոլորտում են հայտնվել: Պատճառը Գումգափը թաղամասում հունիսի 15-ին Հայաստանի քաղաքացի Համբարձում Հարությունյանի սպանությունից հետո ոստիկանության պարբերական հետախուզություններն են իրենց թաղամասում: Այս մասին տեղեկացնում է թուրքական Demokrathaber.net-ը: Թուրք իրավապահ մարմինները մտնում են թաղամասի բոլոր տները և հետախուզություն իրականացնում: Նշվում է, որ այս գործողություններին մասնակցում է 1600 ոստիկան, ինչպես նաև ոստիկանական ուղղաթիռ:
10 տարի Գումգափըում բնակվող հայաստանցի մի կին, իր մտահոգությունը հայտնելով տեղի ունեցող իրադարձությունների վերաբերյալ, տեղեկացրել է, որ վերջին երկու տարում թաղամասում ավելացել են թմրանյութերի շրջանառությամբ զբաղվող անձինք: «Տարիներ ի վեր այստեղ եմ ապրում, սակայն երբեք այսքան անհանգիստ չեմ եղել: Փողոցի մեջտեղում թմրանյութի վաճառք է տեղի ունենում: Անգամ փողոցում օգտագործողներ կան: Ամեն երեկո զենքի ձայներ ենք լսում: Նախորդ շաբաթ պողոտայում 50- հոգիանոց մի խումբ ավտոմատներով կռվում էր»,-պատմել է կինը:
Մեկ այլ երիտասարդ, ով 9 տարի ապրում է Նիշանջա թաղամասում, նշել է. «Երեկոները անգամ դռան առաջ դուրս չենք գալիս: Անհանգստանում ենք երեխաների համար: Ամեն կռվի, զենքի արձակած ամեն ձայնի հետ մեկտեղ զանգահարում ենք' տեսնելու, թե արդյոք մեր բարեկամները լա՞վ են»:
Հունիսի 21-ին թուրքական ոստիկանությունը հետախուզություն է իրականացրել թաղամասում: Յենիքափըից մինչև Գումգափը ձգվող պողոտայի և փողոցների շատ տներ են հետախուզվել: Հետաքրքիր է, որ թեպետ ոչ մի հայաստանցու տուն չի հետախուզվել, և ոչ մի հայաստանցի չի ձերբակալվել, այդուհանդերձ, ոստիկանության գործողություններից հետո Թուրքիայում հաստատված Հայաստանի քաղաքացիների վրա սկսել են հարձակվել թմրանյութերի շրջանառությամբ զբաղվողները, ովքեր հայերին մեղադրում են իրենց գտնվելու վայրերը մատնելու մեջ: