Այսօր կրտսեր սերժանտ Արմեն Հովհաննիսյանի ծննդյան օրն է:
Արմենը զոհվել է հունվարի 19-ի լույս 20-ի գիշերը՝ թշնամու դեմ պայքարի ժամանակ:
Այսօր նա կդառնար 20 տարեկան:
Այդ օրը՝ ժամը 23:50-ից մինչև 00:15-ի սահմաններում ղարաբաղաադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի հյուսիսարևելյան (Ջրաբերդ) և հարավարևելյան (Կորգան) ուղղություններում արձանագրվել են հակառակորդի դիվերսիոն խմբերի ներթափանցման միաժամանակյա փորձեր: ԼՂՀ զինված ուժերի առաջապահ ստորաբաժանումները, հավաստանշելով ադրբեջանական դիվերսիոն խմբերի գործողությունները, երկու ուղղություններում էլ անցել են կազմակերպված պաշտպանության և հակառակորդին պատճառելով զգալի մարդկային և նյութական կորուստ' հետ շպրտել իր ելման դիրքերը: Բռնկված փոխհրաձգության արդյունքում հակառակորդի կողմից ստացած հրազենային վիրավորումից' հյուսիսարևելյան ուղղությամբ տեղակայված մարտական դիրքում իր առջև դրված խնդիրը արիաբար կատարելու ժամանակ զոհվել է կրտսեր սերժանտ Արմեն Լևոնի Հովհաննիսյանը:
ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը հունվարի 20-ին ստորագրել է հրամանագիր, համաձայն որի՝ ԼՂՀ պետական սահմանը պաշտպանելիս ցուցաբերած արիության համար ԼՂՀ պաշտպանության բանակի N զորամասի կրտսեր սերժանտ Արմեն Հովհաննիսյանը հետմահու պարգևատրվել է «Արիության համար» մեդալով։
Նշենք, որ Արմենը մի քանի րոպե շարունակ միայնակ կռվել է թշնամու դեմ և փրկել մոտ տասը հոգու կյանք: