Գեղարքունքի մարզի սահմանամերձ Ջիլ գյուղում բացվեց Խաչքար եւ հուշակոթող՝ նվիրված Արցախյան ազատամարտում զոհված ջիլեցի ազատամարտիկներ Աշոտ Անդրեասյանի, Լաերտ Բաղդասարյանի, Լեւոն Խաչատրյանի, Զոհրապ Հովհաննիսյանի, Հարություն Հակոբյանի եւ հրամանատար Բորիս Մադաթի Գասպարովի հիշատակին, ինչպես նաեւ Գարդման աշխարհում գերության մեջ մնացած շիրիմներին ու գյուղի վերաբնակեցման 25 ամյակին:
Խաչքարն ու հուշակոթողը պատրաստվել եւ տեղադրվել է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանի ֆինանասավորմամբ:
Խաչքարի եւ հուշակոթողի բացման արարողությունն անցկացվեց «Խաչքարը որպես հավերժության խորհրդանիշ» խորագիրը կրող միջոցառմամբ, որի կազմակերպչական եւ ֆինանսական ծախսերը հոգացել էին ազատամարտիկ, փոխգնդապետ Սերգեյ Ավալյանը եւ Ջիլի համայնքապետ Միքայել Ղարիբյանը:
Խաչքարի եւ հուշակոթողի օրհնության կարգը կատարեց Գեղարքունյաց թեմի հոգեւոր առաջնորդ Մարկոս եպիսկոպոս Հովհաննիսյանը:
Միջոցառմանը ներկա էին Գեղարքունիքի մարզի պետական եւ տեղական ինքնակառավարման մարմինների ղեկավարներ, Ջիլի եւ տարածքի համայնքների բնակիչներ, զինվորականներ, ազատամարտիկներ:
Ներկայացվեց Ջիլ գյուղի ու բնակիչների բնօրրան Գարդմանա աշխարհի պատմությունը: Իր խոսքում ազատամարտիկ Սերգեյ Ավալյանը նշեց, որ այս Խաչքարի առջեւ Հայրենիքին իրենց երդումը կտան Հայոց բանակի նորակոչիկները:
Վերջում կատարվեց նաեւ մատաղի արարողություն, իսկ բնակիչների համար նորաբաց սրբավայրը հայտարարվեց որպես ուխտատեղի: