Թուրքիայի վարչապետ Էրդողանի կողմից սեփական քաղաքացիների նկատմամբ մարդու իրավունքների համատարած ոտնահարումների և Հայաստանի, Կիպրոսի, Եգիպտոսի, Հունաստանի, Իրանի, Իրաքի, Իսրայելի և Սիրիայի հետ կապված արտաքին քաղաքականության կոպիտ սխալների պատճառով Թուրքիան կորցրել է աջակցության զգալի մասը, որ երբեմն վայելում էր Միացյալ Նահանգներում և ընդհանրապես աշխարհում: Այս անկման վերջին ապացույցը Ներկայացուց իչների պալատի թիվ 4347 բանաձևի (Թուրքիայում քրիստոնեական եկեղեցիների հաշվետվության ակտ) ընդունումն է հունիսի 26-ին Արտաքին հարաբերությունների հանձնաժողովում: Անկարայի և Վաշինգտոնի միջև վատթարացող հարաբերությունների պատճառով ԱՄՆ կառավարությունը ձեռնպահ մնաց իր քաղաքական կապիտալը վատնելուց օրինագծի ընդունումը կանխելու համար: Նման համոզմունք է հայտնել «Կալիֆորնիա Կուրիեր» թերթի հրատարակիչ և խմբագիր Հարութ Սասունյանն իր նոր խմբագրականում:

 

«Բացի այդ, ներթուրքական վեճերը, որոնցից մեկն առկա է Էրդողանի և Թուրքիայում ու արտերկում մեծ ազդեցություն ունեցող թուրք կրոնական Ֆեթուլլահ Գյուլենի միջև, Անկարային զրկեցին կարևոր աջակցությունից Միացյալ Նահանգներում: Գյուլենին հարող խմբերը մատը մատին չխփեցին փրկելու Էրդողանի կառավարությունը նվաստացուցիչ պարտությունից Արտաքին հարաբերությունների հանձնաժողովում:

 

Մեկ այլ ներքին քաղաքական բանավեճի պատճառով Ամերիկայի թուրքական կոալիցիան հրաժարվեց ստորագրել երեք այլ թուրք-ամերիկյան խմբերի նամակը, որն ուղարկվել էր Ներկայացուցիչների պալատի հանձնաժողովի անդամներին ընդդեմ եկեղեցիների օրինագծի: Թուրքական խմբերը կողմնակիցների հուսահատ որոնումներում, իրենց լոբբիստական ջանքերում կարողացան ներգրավել Ամերիկայի ադրբեջանական խորհուրդը, որն ընդհանրապես գործ չուներ իր քիթը խոթելու Թուրքիայում քրիստոնեական եկեղեցիների կարգավիճակի հարցում: Ստորագրելով նման թշնամական համատեղ նամակ, ադրբեջանական խումբն ավելի սրեց հարաբերությունները աշխարհասփյուռ հայության հետ, էլ ավելի բարդացնելով Արցախյան հակամարտության արդար կարգավորման ձեռքբերումը:

 

Վերջապես, Թուրքիայի կառավարության բախումը Իսրայելի հետ' «Մավի Մարմարա» նավի վրա հարձակումից հետո և վերջերս Թուրքիայի նոր դեսպան Սերդար Քըլըջի խիստ նամակը Ամերիկայի հրեական կոմիտեին Հայոց ցեղասպանության ճանաչման համար, զրկեցին Անկարային որևէ լոբբիստական աջակցությունից, որ նա սովորաբար ստանում էր Կոնգրեսում Իսրայելի կառավարությունից և Ամերիկայի որոշ հրեական կազմակերպություններից:

 

Ավանդական դաշնակիցների ամեն տեսակ աջակցության բացակայության պայմաններում Թուրքիայի կառավարությունը կարող էր ապավինել միայն իր վարձկանների՝ թանկ վարձատրվող ամերիկյան լոբբիստական ընկերությունների օժանդակությանը' իրականացնելու թուրքական ստանդարտ մարտավարությունը, որ կիրառվում է ընդդեմ ցանկացած նախաձեռնության, ինչն Անկարան համարում է իր շահերին դեմ.

 

1. Վճռականորեն խափանել որևէ հակաթուրքական նախաձեռնություն՝ կանխելով դրա քննարկումը.

 

2. Եթե առաջին քայլը չի հաջողվում' փոփոխություններ առաջարկել նախաձեռնությունը թուլացնելու համար.

 

3. Նույնիսկ նախաձեռնությունը թուլացնելուց հետո, ճնշում գործադրել հանձանժողովի անդամների վրա դեմ քվեարկելու համար:

 

Եկեղեցիների օրինագծի դեպքում թուրքական կառավարությանը չհաջողվեց խափանել դրա քննարկումը Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովում և նա անզոր գտնվեց բավարար չափով քվեներ հավաքել օրինագիծը ձախողելու համար: Միակ բանը, որ մնում էր անելու Անկարային' Կոնգրեսի Թուրքիային աջակցող խմբի որոշ անդամներից խնդրելն էր, որպեսզի նրանք փոփոխություններ առաջարկեին օրինագիծը թուլացնելու համար: Այս մարտավարությունը փոքր չափով արդյունավորվեց, քանի որ Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նա խագահ, կոնգրեսական Էդուարդ Ռոյսը, փորձեց համախոհության հասնել այս օրինագծի վերաբերյալ՝ փորձելով ներգրավել մի քանի տարակարծիք կոնգրեսականների: Ի վերջո, առողջ դատողությամբ որևէ մեկն ինչպես կարող էր դեմ քվեարկել մի օրինագծի, որը կոչ էր անում կրոնական կառույցները, տվյալ դեպքում քրիստոնեական եկեղեցիները, վերադարձնել իրենց իսկական տերերին...

 

Սա երկրորդ խոշոր պարտությունն է, որ Թուրքիան կրում է վերջին երեք ամիսների ընթացքում: Ապրիլի 10-ին Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը ձայների 12 կողմ և 5 դեմ հարաբերակցությամբ ընդունել էր Հայոց ցեղասպանության մասին բանաձև, որը ևս մեկ վկայություն է Վաշինգտոնում թուրքական քաղաքական ազդեցության անկման մասին: Բավական է կարդալ վերջին երկու հոդվածները, որոնք հրապարակվել են «Նյու Յորք թայմս» («Ապստամբների առջև ճանապարհ բացելուց հետո Թուրքիան թանկ է վճարում») և «Ուոլ սթրիթ ջըրնալ» թերթերում («Անօգուտ դաշնակից&r aquo;), որպեսզի տեսնել Էրդողանի հասցրած վնասի չափը իր երկրի վարկին:

 

Բացի ազդեցության կորստից, Թուրքիայի կառավարությունը միլիոնավոր դոլարներ է վատնում, վճարելով հզոր և ազդեցիկ, սակայն, ըստ էության, անպետք ամերիկյան լոբբիստական ընկերություններին, որոնք մեծ խոստումներ տալով, գրպանում են ահռելի գումարներ և գրեթե ոչ մի օգուտ չունեն: Ե ՞րբ պետք է Թուրքիայի ժողովուրդը հաշիվ պահանջի իր կոռումպացված և անպատասխանատու ղեկավարներից, որոնք վատնում են թուրք քաղաքացիների դժվարությամբ վաստակած հարկային դոլարները' իզուր փորձելով արդարացնել իրենց ցեղասպան պատմությունը:

 

Վերլուծաբանները կանխատեսում են, որ չնայած վարչապետ Էրդողանի աղետալի քաղաքականությանը երկրի ներսում և դրսում, սպասվում է, որ նա կընտրվի նախագահ այս տարվա օգոստոսին: Հայերը, հույները, քրդերը և մյուս ճնշված ազգային և կրոնական փոքրամասնությունները շատ ուրախ կլինեն տեսնել Թուրքիան ղեկավարող մի ապաշնորհ առաջնորդի, որը ծնկի կբերի երկիրը...