Թուրք իրավապաշտպան, հրատարակիչ Ռագըփ Զարաքոլուն ողջունում է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին Թուրքիայի ապագա նախագահին Հայաստան հրավիրելու ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հայտարարությունը: Հուլիսի 2-ին լրագրողների հետ հանդիպման ընթացքում թուրք մտավորականը նշեց, որ ՀՀ նախագահի հրավերն արդարացի է, և դա Թուրքիայի ամոթն է, որ դեռ չի ճանաչել Հայոց ցեղասպանությունը: «1965 թվականից ի վեր Հայոց ցեղասպանության ճանաչման հետ կապված աշխատանքներ են կատարվում: Սա, իհարկե, Թուրքիայի ամոթն է: Կոտորվածները նաև Օսմանյան կայսրության քաղաքացիներ էին և իրավունքներ ունեին: Սա նաև իրավական խնդիր է»,- ասաց Զարաքոլուն:

 

Անդրադարձ կատարվեց նաև ապրիլի 24--ին վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի ուղերձին, որով թուրք առաջնորդը փորձել էր հավասարության նշան դնել կորուստների միջև և Դավութօղլուի այն հայտարարությանը, թե իբր պատմության հանդեպ անարդար հիշողություն է ձևավորվել: «Դավութօղլուի կշեռքը սխալ է կշռում: Եթե նայենք, թե 1915-ին կատարված ցեղասպանությունից մինչ այսօր ինչ ունենք մեր ձեռքում, ապա Արևմտյան Հայաստանի 2 միլիոն հայ բնաջնջվել է այդ տարածաշրջանից և ցեղասպանության բացակայության դեպքում այսօր 8-10 միլիոն հայ բնակչություն պետք է ունենայինք այդ տարածքներո ւմ: Ցեղասպանութունը միայն ապրող բնակչության բնաջնջումը չէ, այլ նաև ապագա սերունդների, մշակույթի, արվեստի վերացումն է», - շեշտեց իրավապաշտպանը:

 

Նրա խոսքով' Թուրքիայի բնակչությունն արդեն հոգնել է պաշտոնական պատմագրություններից և ստերից: «Եթե մարդը ծայրահեղական չէ, ապա անգամ ժխտողական գրքերը կարդալիս նրա մոտ հետաքրքրություն է առաջանում ճշմարտությունն իմանալու»,- ասաց նա:

 

Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումները համակարգող պետական հանձնաժողովի չորրորդ նիստին ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը Թուրքիայի նախագահին հրավիրել է Հայաստան 2015թ. ապրիլի 24-ին: «Եթե Թուրքիայի իշխանություններին հետաքրքրում է ճշմարտությունը, ուրեմն նրանք պետք է գան Հայաստան և ապրիլի 24-ին լինեն հայ ժողովրդի կողքին: Չեմ կարծում, թե դրանից հետո նրանք արխիվներ այցելելու մասին միտք հնչեցնել կկարողանան: Օգտվելով այս առիթից' պաշտոնապես հրավիրում եմ Թուրքիայի Նախագահին, ով էլ որ ընտրվի առաջիկա ընտրությունների ժամանակ, այցելելու Հայաստան 2015 թվականի ապրիլի 24-ին և առերեսվելու Հայոց Ցեղասպանության պատմության խոսուն վկայություններին»,-հայտարարել է ՀՀ նախագահը: