Միացյալ Նահանգների նախագահ Բարաք Օբաման կարծիք է հայտնել, որ ԱՄՆ-ի ֆուտբոլի հավաքականի դարպասապահ Թիմ Հովարդը պետք է սափրի մորուքը:

 

«Թիմ, ես չգիտեմ, թե ինչպես ես դու փրկվելու երկրպագուների բազմություններից, երբ տուն վերադառնաս: Ստիպված ես լինելու սափրել մորուքդ, որպեսզի քեզ չճանաչեն»,- ասել է Օբաման հուլիսի 2-ին ԱՄՆ-ի հավաքականի ֆուտբոլիստների հետ կայացած հեռախոսազրույցի ժամանակ:

 

Օբաման նաև շնորհակալություն է հայտնել խաղացողներին՝ Բրազիլիայում ընթացող ֆուտբոլի Աշխարհի առաջնությունում նրանց հաջող ելույթի համար:

 

Դարպասապահ Հովարդն Աշխարհի առաջնությունների համար ռեկորդային 16 «սեյվ է արել» աշխարհի առաջնության 1/8 եզրափակչի խաղի ժամանակ և ճանաչվել հանդիպման լավագույն խաղացողը: Այդուամենայնիվ, ԱՄՆ-ի հավաքականը 1:2 հաշվով տանուլ է տվել Բելգիայի թիմին և դուրս մնացել հետագա պայքարից, հաղորդել է «Ինտերֆաքսը»: