Եվրախորհրդի Խորհրդարանական վեհաժողովում Հայաստանի պատվիրակությանը ձայնի իրավունքից զրկելու ադրբեջանցի պատվիրակ Իլհամ Սուլեյմանովի բանաձևի նախագիծն անհիմն է և չի կարող որևէ դրական պատասխան ստանալ: ԵԽԽՎ-ում Հայաստանի պատվիրակության ղեկավար Հերմինե Նաղդալյանը հուլիսի 3-ին Ազգային ժողովում լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց, որ Ադրբեջանի պատվիրակության բանաձևն անհեթեթ է նրանով, որ Ադրբեջանի պատվիրակն առաջարկում է Հայաստանի պատվիրակությանը զրկել ձայնի իրավունքից նույն հիմքի վրա, ինչի համար նախորդ նստաշրջանում ձայնի իրավունքից զրկվեց Ռուսաստանի պատվիրակությունը: «Սակայն քաղաքական խմբերի ղեկավարները, եվրոպացի պատվիրակները շատ լավ հասկանոմ են, որ որևէ իրավական հիմք նման բանաձևի համար գոյություն չունի: Այն չունի հիմնավորում և շատերի մոտ քմծիծաղ է առաջացնում:

 

Անալոգիան արված է Ղրիմի հանրաքվեից հետո Ռուսաստանին ձայնի իրավունքից զրկելու հիման վրա ԼՂ հակամարտության առնչությամբ Հայաստանին նույնպես զրկել ձայնի իրավունքից: Սակայն Արցախյան ազատամարտն ավարտվել է 1994թ., իսկ Հայաստանն ու Ադրբեջանը Եվրոպայի խորհրդին անդամակցել են 2001թ. և զինադադարից յոթ տարի անց անդամակցելու ժամանակ Եվրոպայի խորհուրդը ԼՂ-ի հետ կապված մի շարք հանձնառություններ է ներկայացրել կողմերին»,- ասաց Հերմինե Նաղդալյանը' հավելելով, որ Եվրոպայի խորհրդում բոլորն են տեղյակ երկու երկրների ստանձնած պարտավորությունների վերաբերյալ և տեղյակ են հակամարտության վերաբերյալ:

 

«Եվ հիմա ձայնի իրավունքից զրկելու առաջարկությունը, մեղմ ասած, ծիծաղելի է»,- ասաց Հերմինե Նաղդալյանը' հավելելով, որ Հայաստանի ձայնի իրավունքից զրկելու հարցը կքննարկվի ԵԽԽՎ հաջորդ նստաշրջանի ժամանակ, սակայն այսօր արդեն այդ առաջարկության ճակատագիրն ակնհայտ է:

 

Հայաստանի պատվիրակությունը ԵԽԽՎ-ում մասնակցում էր ամառային նստաշրջանին հունիսի 23-27-ը: