Նշանավոր հայ դերասան, կինոյի և թատրոնի մեծ կատակերգու Մհեր Մկրտչյանի ծննդյան օրն է այսօր' հուլիսի 4-ին: Մհեր Մկրտչյանը ծնվել ու մեծացել է Գյումրիում: Սերն արվեստի ու հատկապես թատրոնի նկատմամբ արտահայտվել է դեռ մանկուց, երբ հաճախում էր նկարչության, երաժշտության և թատրոնի խմբակներ:

 

Մհեր Մկրտչյանը հայ կինոյի այն ինքնատիպ դերակատարներից էր, որ հրաշալիորեն համադրում էր դրամատիզմն ու կատակերգությունը, ով միաժամանակ և ուրախ էր, և տխուր: Այդ ամենի հիանալի դրսևորումներն են «Մեր մանկության տանգոն» ֆիլմում Ռուբենի դերակատարումը, «Հին օրերի երգը»-ում Նիկոլի, «Նվագախմբի տղաները» ֆիլմում Արսենի, «Եռանկյունի»-ում Գասպարի դերակատարումն ու այլ շատ դերեր, որոնց բոլորին էլ հայ ժողովուրդը վերաբերվում է առանձնահատուկ ջերմությամբ: Նա նկարահանվեց «Կովկասի գերուհին», «Միմինո», «Ալի բաբան և քառասուն ավազակները» ֆիլմերում, որոնցում խաղացված դերակատարումները գնահատվել են պետական բարձր պարգևներով։

 

«Ամեն անգամ, երբ հիշում եմ իմ մանկությունը, չգիտեմ' ինչո՞ւ, այն ինձ ներկայանում է հեծանիվ քշող փոքրիկ տղայի տեսքով: Գուցե նրանից է, որ մանկության տարիների միակ երազանքս հեծանիվ ունենալն էր, որն այդպես էլ չունեցա: Ախր, առանց հեծանիվ ի՞նչ մանկություն,- մի առիթով հիշել է Մհեր Մկրտչյանը:- Ես չհասցրեցի մանկություն ունենալ, չհասցրեցի խաղալիք, երեխա, մանկություն եւ այլն: Սկսեցի լուրջ բաներ լսել: Ապշելու բան էր... Ճանաչման հասա կինոյով, բայց կինոյի 10 դերը չեմ փոխի թատրոնի հետ. թատրոնն աղոթքի տեղ է, թև ու թռիչք է, Աստծու, տաղանդի, մուսայի հետ շփում է կատարվում»:

 

Մեծ դերասանը մահացել է 1993 թվականի դեկտեմբերի 29-ին: Գյումրիում գործում է Մհեր Մկրտչյանի տուն-թանգարանը, որտեղ կան հարուստ նյութեր դերասանի կյանքի, ստեղծագործության ուղու վերաբերյալ, ինչպես նաև նրա անձնական իրերից:

 

Հատված` «Մենք ենք, մեր սարերը» ֆիլմից