Բաքուն ադրբեջանական քաղաք է դարձել ղարաբաղյան պատերազմի ժամանակաշրջանում, իսկ մինչ այդ այն եղել է հայկական, ռուսական, հրեական քաղաք: Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, minval.az լրատվական կայքի հետ զրույցում հայտարարել է ադրբեջանցի գրող Ալեքպեր Ալիևը:

 

«Բաքուն մեզ սկսել է պատկանել 90-ականներից հետո: Մենք ձեռք ենք բերել քաղաքն այն բանից հետո, երբ կորցրել ենք Ղարաբաղը: Այդ քաղաքը եղել է ռուսական, հայկական, հրեական, բայց միայն ոչ մերը: Այդ նրանք էին Բաքվի իսկական տերերը», -ասել է ադրբեջանցի գրողը:

 

Ա.Ալիևը նշել է, որ Բաքուն չի կարողացել քաղաք՝ հասարակական արտադրության սոցիալ-տարածքային կազմակերպության ձև դառնալ, որտեղ ոչ միայն առարկաներ են արտադրվում, այլ ստեղծվում էր մարդկանց կյանքի կերպը:

 

Հեղինակը նշում է, որ ամբողջ աշխարհում գյուղերն են քաղաքներ ծնում: «Բայց Ադրբեջանում, չգիտես ինչու, գյուղերը կլանում են Բաքուն: Իսկ Բաքուն պետք է ազդեր այն ամենի վրա, ինչ շրջապատում է նրան, և որոշակի գիտակցություն մոդելավորեր, տվյալ դեպքում՝ քաղաքային, և մտածողության մեջ իրականությունը վերարտադրելու ունակություն: Այն, ինչ մենք անվանում ենք գավառականություն, այսօր գերակշռող մշակույթ է (կամ մշակույթի բացակայություն): Եվ մենք՝ քաղաքաբնակներս, հանդիսանում ենք այդ մշակույթի անբաժան մասը»,- նշել է Ա. Ալիևը: