Հայաստանի ատոմային էլեկտրակայանը պլանային նորոգմամբ պայմանավորված սեպտեմբերի սկզբից սկսած 45 օրով կդադարեցնի աշխատանքը: 

 

Հուլիսի 4-ին ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանն այցելել է Հայաստանի ատոմային էլեկտրակայան, որտեղ տեղի է ունեցել բաժնետերերի տարեկան հաշվետու ժողովը:

 

Ժողովի ընթացքում ներկայացվել է 2013 թվականին կատարված աշխատանքների հաշվետվությունը, ինչպես նաև, 2014 թվականի սեպտեմբերին նախատեսված վերալիցքավորման, տարեկան պլանային վերանորոգման, ինչպես նաև անվտանգության մակարդակի բարձրացման նպատակով միջոցառումների ներդրման համար իրականացվող աշխատանքների ընթացքը:

 

ՀԱԷԿ-ում կատարած շրջայցից հետո, լրագրողներին տված հարցազրույցի ժամանակ, նախարար Երվանդ Զախերյանը նշել է, որ Հայաստանի և Ռուսաստանի միջև կստորագրվի պայմանագիր, որի համաձայն Ռուսաստանը հայկական ատոմային էլեկտրակայանի շահագործման ժամկետը երկարացնելու աշխատանքների համար կտրամադրի 300 մլն դոլար վարկ: Նրա խոսքով' Ռուսաստանի հետ բանակցությունները մոտենում են ավարտին: «Խոսքը ցածր տոկոսադրույքով և երկարաժամկետ վարկավորման մասին է»,- ասել է նախարարը:

 

Անդրադառնալով ՀԱԷԿ-ի սեպտեմբերին սպասվող հերթական պլանային նորոգման աշխատանքներով պայմանավորված կայանի աշխատանքի դադարեցմանը՝ նախարարն ասել է, որ պետք է փորձեն հնարավորինս կրճատել այդ ժամկետները, քանի որ կայանի ժամանակավոր կանգնեցումը լուրջ հետևանքներ է ունենում:

 

«Իհարկե, դա չպետք է լինի անվտանգության հաշվին»,- ասել է նախարարը և վստահեցրել նաև, որ ՀԱԷԿ-ի պլանային վերանորոգումն ազդեցություն չի ունենա արդեն իսկ բարձրացված սակագների վրա, քանի որ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը, սակագները բարձրացնելիս արդեն իսկ հաշվարկել էր նաև այդ աշխատանքները:

 

Երվանդ Զախարյանը հիշեցրել է, որ նախորդ տարի չնախատեսված կանգառների հետևանքով մոտավորապես 320 մլն կՎտ/ժամ էլեկտրաէներգիա քիչ էր արտադրվել ՀԱԷԿ-ում, ինչի հետևանքով ՀԷՑ-ն ավելի թանկ էլեկտրաէներգիա էր գնել «Հրազդան ՋԷԿ»-ից և Հրազդանի 5-րդ էներգաբլոկից:

 

Երվանդ Զախարյանի խոսքով՝ ՀԱԷԿ-ն այսօր ունի կուտակված ֆինանսական պարտավորություններ: «Դրանց ծավալը շուրջ 9-9,5 մլրդ դրամ է: Ֆինանսական պարտավորություններն առաջացել են փոխառությունների ու վարկային միջոցների կառավարման արդյունքում: Մենք պետք է կարողանանք հետագա տարիներին ավելի արդյունավետ կառավարում իրականացնել»,- ասել է նախարարը:

 

Նախարարն անդրադարձել է նաև նոր ատոմակայանի կառուցմանը՝ տեղեկացնելով, որ նոր բլոկի արժեքը կկազմի մոտ 4,5 մլրդ դոլար: «Դրա մի մասը Ռուսաստանի կառավարությունը կտրամադրի ապրանքների, սարքավորումների տեսքով, իսկ մյուս մասը մենք կլրացնենք այլ երկրների հետ բանակցություների արդյունքում ձեռք բերված ֆինանսական օժանդակությունների միջոցով»,- ասել է նա։

 

Երվանդ Զախարյանը նաև նշել է, որ ՀԱԷԿ-ի նոր էներգաբլոկի շինարարությունը նախատեսվում է սկսել 2018-2019 թվականներին: