«Առաջին լրատվական»-ի տեղեկություններով' ԱԻՄ նախագահ և նախագահի թեկնածու Պարույր Հայրիկյանի առաջադրման հետևում կանգնած է գործող նախագահ Սերժ Սարգսյանը: Նախագահական բոլոր ընտրություններում էլ հիմնական մի քանի թեկնածուներից բացի' առաջադրվում են մի շարք այլ երկրորդական թեկնածուներ, որոնք տարբեր քաղաքական ուժերի կողմից խաղարկվում են որոշակի նպատակների համար:
Օրինակ' այս նախագահական ընտրությունների դեպքում ևս ստեղծվել է աննախադեպ ոչ մրցակցային իրավիճակ: Որպես Ս. Սարգսյանի հիմնական մրցակից դիտարկվում է միայն նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը, ում ռեսուրսները, սակայն, այնքան էլ մեծ չեն, քանի որ ՀԱԿ-ը այլ թեկնածու չառաջադրելով՝ հրաժարվել է պաշտպանել նաև նրան: Ս. Սարգսյանից ու Հ. Բագրատյանից բացի' մյուս թեկնածուները ներդրված են որոշակի նպատակներով՝ գործող նախագահին մրցակցություն ապահովելու և ընդդիմադիր ընտրազանգվածը փոշիացնելու համար՝ չթողնելով, որ նա ստանա ընդդիմադիր ընտրազանգվածի ողջ ձայները:
Բացի այս երկու պատճառներից' թեկնածուներ են ներդրվում ընդդիմադիր հիմնական թեկնածուին փնովելու համար: Երկրորդական թեկնածուները գործող իշխանություններին քննադատելու կամ իրենց ծրագրերը ներկայացնելու փոխարեն' սկսում են վարկաբեկող հայտարարություններ անել իշխանության թեկնածուի հիմնական մրցակցի հասցեին և այդպիսով' նրան սադրում են բանավիճել իրենց հետ:
Ինչ վերաբերում է Պ. Հայրիկյանին, «Առաջին լրատվական»-ի տեղեկություններով' Ս. Սարգսյանը ծաղկեպսակ է ուղարկել նրա մոր մահվան կապակցությամբ:
Հիշեցնենք, որ Պ. Հայրիկյանի մայրը մահացել է ԱՄՆ-ում, նրան արդեն տեղափոխել են Հայաստան, և այսօր տեղի է ունենալու նրա հոգեհանգստյան արարողությունը: