Պաշտոնական այցով Արգենտինայում գտնվող՝ Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանը հարցազրույց է տվել արգենտինյան La Nacion պարբերականին՝ հայտնելով, որ Հարավային Ամերիկա կատարած իր այցի նպատակը տարածաշրջանային համերաշխության ամրապնդումն է՝ Հայոց ցեղասպանության 100-ամյակի նախաշեմին, որը նշվելու է 2015թվականի ապրիլին։
Բացի Արգենտինայից, Սերժ Սարգսյանը պաշտոնական այցով կմեկնի նաև Ուրուգվայ և Չիլի:
Հայաստանի ղեկավարը Լատինական Ամերիկայի երկրներ կատարած իր շրջագայությամբ ցանկանում է միջազգային հանրության ուշադրությունը սևեռել Լեռնային Ղարաբաղի շուրջ Կովկասում ստեղծված պայթյունավտանգ իրավիճակի վրա:
Չնայած Արգենտինայի նախագահ Քրիստինա Քիրշների հիվանդության պատճառով Սերժ Սարգսյանը չի կարողացել հանդիպել նրա հետ, բայց նախագահը հայտնել է, որ նա Արգենտինայի նախագահին հրավիրել է հաջորդ տարի գալ Հայաստան՝ մասնակցելու հայ ժողովրդի ողբերգության հարյուրամյակին նվիրված միջոցառումներին:
ԼՂ հակամարտությանն անդրադառնալիս՝ Սերժ Սարգսյանն ասել է, որ հայ ժողովուրդը շատ է մտահոգվում՝ Հայաստանի ռազմավարական գործընկերը՝ Ռուսաստանը, զենք է վաճառում Ադրբեջանին։ «Սակայն, ես վստահ եմ, որ Հայաստանն այնքան ուժ և ունակություն ունի, որ կարողանա պաշտպանել իր սահմանը»,- ասել է նա։
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հարցազրույցը թարգմանաբար ներկայացրել է Inosmi.ru-ն։
-Պարո՛ն նախագահ, իսկ այդ միջացառմանը հրավիրվա՞ծ է արդյոք Թուրքիայի նախագահը։ Դրա համար կա՞ն անհրաժեշտ պայմանները։
- Նախ և առաջ, վատ չէր լինի իմանալ, թե ով է լինելու Թուրքիայի հաջորդ նախագահը։
-Կարծես թե նախագահական ընտրություններում հաղթելու ավելի մեծ շանսեր ունի գործող վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը:
- Հնարավոր է, բայց պետք չէ շտապել. սպասենք ընտրության արդյունքներին։
- Թուրքիան, և այդ մասին բազմիցս հայտարարել է նաև հենց ինքը՝ Էրդողանը, շարունակում է հրաժարվել Հայոց ցեղասպանության ճանաչումից։ Կարո՞ղ է արդյոք Էրդողանի նման խիստ կեցվածքը հանգեցնել այն բանին, որ նրան չհրավիրեն։
- Թուրքիան պնդում է, որ մենք բացենք արխիվներն ու Հայոց ցեղասպանության մասին հստակ փաստեր ներկայացնենք։ Մենք կցանկանայինք հրավիրել նրանց և հնարավորություն տալ սեփական աչքերով տեսնել այն հարյուր հազարավոր մարդկանց, որոնք գալու են Ցեղասպանության 100-ամյակին նվիրված միջոցառումներին։ Հնարավոր է, երբ նա այդ ամենը տեսնի, այլ ապացույցների կարիք չի լինի։
-Կա կարծիք, որ այժմ Թուրքիայում այս պահին ազգայնականությունն է զարթոնք ապրում։ Դա հատկապես զգալի է դարձել նախընտրական քարոզչության ընթացքում։ Հնարավոր է, որ այդ ամենը պատճառ կարող են դառնալ Թուրքիայի և Հայաստանի՝ առանց այն էլ լարված հարաբերությունների սրացման համար։
- Կցանկանայի հիշեցնել, որ մենք Թուրքիայի հետ դիվանագիտական հարաբերություններ չունենք։ Իսկ եթե դրանք չկան, ապա ի՞նչ կերպ պետք է վատանան մեր հարաբերությունները։
- Լավ, ուրեմն փորձեմ հարցս փոքր-ինչ այլ կերպ ձևափոխել. Ադրբեջանը Թուրքիայի ռազմավարական գործընկերն է, իսկ Անկարան, անխոս, աջակցում է Բաքվին՝ Լեռնային Ղարաբաղի հարցում։
- Սակայն մենք որևէ լարված իրավիճակ չունենք Հայաստանի և Թուրքիայի սահմանին։ Ծայրահեղ դեպքում՝ քաղաքական։ Հայաստանի և Ադրբեջանի հարաբերություններում,այո՛, կա լարվածություն, սակայն դա Ադրբեջանից է գալիս։ Մինսկի խմբի երկրները՝ Ռուսաստանը, Ֆրանսիան և ԱՄՆ-ն, առաջարկում են Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը լուծել երեք սկզբունքների հիման վրա՝ ուժի չկիրառում, տարածքային ամբողջականություն և ազգերի ինքնորոշման իրավունք։
-Այո՛, բայց անցյալ տարվա սեպտեմբերին Ադրբեջանի նախագահն սպառնացել էր գրավել Երևանը, եթե Հայաստանը չվերադարձնի Լեռնային Ղարաբաղը։ Այս պահին իրավիճակն ավելի մոտ է պատերազմի՞ն, թե՞ խաղաղությանը։
- Մենք չենք բացառում ռազմական գործողությունների սկսվելու հնարավորությունը։ Սակայն կարծում եմ, որ Ադրբեջանը նման գործողությունների հնարավորություն չունի։ Նա իրոք մեծ գումարներ է ծախսում ռազմական տեխնիկա և զինամթերք գնելու համար, սակայն դա հաղթանակ չի երաշխավորում։
-Հայաստանի՝ Մաքսային միությանը միանալու ձգտումը, որը գլխավորում է Ռուսաստանը, պայմանավորվա՞ծ է արդյոք հնարավոր ագրեսիայից Հայաստանը պաշտպանելու համար ուժեղ դաշնակցի որոնումներով։
-Այն, որ մենք խորացնում ենք մեր հարաբերությունները Ռուսաստանի հետ, նոր փաստ չէ։ Ավելի քան 20 տարի առաջ մենք Հավաքական անվտանգության պաշտպանության կազմակերպության անդամ ենք դարձել, և այս տարիների ընթացքում Ռուսաստանի հետ համագործակցության տասնյակ համաձայնագրեր ենք կնքել։
-Այո՛, բայց Ռուսաստանը վերջին շրջանում Ադրբեջանին 2 մլրդ դոլարի զենք է մատակարարել:
-Մեզ համար դա շատ ցավոտ թեմա է, և մեր ժողովուրդը շատ է մտահոգվում, որ մեր ռազմավարական գործընկերը զենք է վաճառում Ադրբեջանին։ Սակայն, ես վստահ եմ, որ Հայաստանն այնքան ուժ և ունակություն ունի, որ կարողանա պաշտպանել իր սահմանը։ Չնայած այն հանգամանքին, որ Ռուսաստանը զենք է վաճառում Բաքվին՝ ես չեմ կասկածում, որ մեզ համար դժվար իրավիճակում Ռուսաստանը կկատարի ստանձնած պարտավորությունները։
-Ուկրաինայի իրադարձություններով պայմանավորված՝ Ռուսաստանի հետ միությունը դժվարացնո՞ւմ է հարաբերությունները Եվրոպայի հետ։
-Հասկանալի է, որ Հայաստանի անդամակցումը Մաքսային միությանը դուր չի գալիս եվրոպացիներին։ Սակայն ես վստահ եմ, որ մեր եվրոպացի գործընկերները հասկանում են, թե ինչու ենք մենք այդ քայլին գնացել։
- Ո՞ւմ եք հրավիրել Հայոց ցեղասպանության 100-ամյակին նվիրված միջոցառումներին։
-Հրավեր ուղարկվել է Ցեղասպանությունը ճանաչած բոլոր երկրների առաջնորդներին։
- Ի՞նչ են պատասխանել նրանք։
-Մենք դեռ պատասխան չենք ստացել, քանի որ սգո միջոցառումների մեկնարկին դեռ շատ ժամանակ կա։