ՀՀ նախագահի թեկնածու Անդրիաս Ղուկասյանը Հայաստանի Հանրապետությունում ազատ ընտրություններ անցկացնելու վերաբերյալ դիմել է ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյան եւ հայտարարել անժամկետ հացադուլի մասին: Դիմումը ներկայացնում ենք ամբողջությամբ:
«Թեպետեւ ՀՀ Ընտրական օրենսգրքում ամրագրված չէ, որ Հանրապետության Նախագահի ընտրությունները պետք է լինեն ազատ, այնուամենայնիվ, իսկական լինելու համար դրանք պիտի լինեն այդպիսին:

Հանրության կողմից ընտրությունների նկատմամբ առկա անվստահությունը ի չիք է դարձնում ժողովրդի կամքը' որպես իշխանության հիմք:

ՀՀ քաղաքացին առայսօր չունի անհրաժեշտ տեղեկություններ իր ընտրական իրավունքների լիարժեք իրացման համար պետության պոզիտիվ պարտավորությունների մասին: Պետությունը քաղաքացուն չի տեղեկացրել, որ ոչ ոք իրավունք չունի հարկադրել կամ ցանկացած եղանակով նյութապես իրեն շահագրգռել որեւէ քաղաքական ուժի համար քվեարկելու, եւ որ այդ գործողությունները քրեօրեն պատժելի են:

Համապատասխան տեղեկատվության բացակայության պատճառով քաղաքացիների զգալի մասը նույնացնում է իշխող քաղաքական ուժը պետության հետ եւ չգիտի, որ պետությունն ընտրություններում գործում է բոլոր քաղաքական ուժերից անջատ եւ պահպանում է չեզոքություն:

Քանի որ ազատ եւ իսկական ընտրություններ անցկացնելու համար պետության միջազգային պարտավորությունները հստակ ամրագրված չեն օրենքով, ուստի քաղաքացիների այդ իրավունքը երաշխավորված չէ, իսկ դրա իրականացումը ամբողջությամբ կախված է իշխող կուսակցության հայեցողությունից:

Համադրելով այս իրողությունն այն փաստի հետ, որ սկսած 2008թ. Բացառապես իշխող կուսակցությունից է կախված եղել ընտրական օրենքի ձեւավորումը եւ ընտրությունների նկատմամբ հանրության վստահության ամրապնդմանն ուղղված պետական քաղաքականություն իրականացումը, անհնար է չգալ եզրակացության, որ իշխող կուսակցությունը չարաշահում է իր դիրքը պետության մեջ ու բարեխիղճ մրցակից չէ ընտրությունների մյուս մասնակիցների նկատմամբ:

Չի կարող լինել ժողովրդավարություն, երբ հանրության կամքի արտահայտումը, որը արտացոլված է ընտրությունների արձանագրություններում հակասում է մեծամասնության դիրքորոշմանը: Դա կեղծ ժողովրդավարություն է եւ շինծու ընտրություններ:

Գտնում եմ, որ հանրության ազատ ընտրության բարձրագույն իրավունքն այս քաղաքական իրադրության մեջ կարող է իրացվել միայն իշխող կուսակցության թեկնածուի մասնակցությունը ընտրություններում բացառելու դեպքում:

Վստահ եմ, որ միջազգային փորձի ուսումնասիրությունը Կենտրոնական ընտրական հանձնաժողովի անդմաներին կբերի այն եզրահանգման, որ պետությունն իրավունք ունի զրկել թեկնածուին ընտրություններում մասնակցելու հնարավորությունից, երբ նման մասնակցությունը վտանգում է հանրային բարձրագույն շահը:

Համոզված եմ, որ օրենքի տարրի բացակայությունը ազնիվ եւ օրինապահ քաղաքացիների համար արգելանք չի կարող լինել' հաստատելու այն քաղաքական իրողությունը, որը պիտի լիներ դրա առկայության դեպքում:

Մինչեւ քարոզարշավի սկիզբը իշխող կուսակցության թեկնածուի գրանցումն անվավեր չճանաչելու դեպքում, անձամբ իմ եւ հանրության ընտրական իրավունքը համարելու եմ խախտված:

Իմ քաղաքացիական պարտքը թելադրում է այդ իրավունքը պաշտպանելու համար հայտարարել անժամկետ հացադուլ»: