Երևանյան ժամանցի վայրերն ամառային օրերին առաջարկում են երեկոներն անցկացնել իրենց մոտ, և յուրաքանչյուրն ունի իր տարբերակը:

 

Լիցքաթափվելու ամենալավ միջոցներից մեկը կենդանի լավ երաժշտություն լսելն է: «Լեո 52» ակումբը դրանցից մեկն է, որն իր այցելուներին այս անգամ առաջարկեց լսել ջազ երաժշտություն: Նվագում էին երաժիշտ-ամուսիններ Երվանդ Մարգարյանը և Նառա Առաքելյանը:

 

Ակումբի տնօրեն Բելլա Մանուկյանը PressIdent.am-ին հայտնեց, որ այցելուներին ամեն օր առաջարկում են կենդանի երաժշտություն, իսկ ուրբաթ և շաբաթ օրերին հյուրընկալում են տարբեր բենդերի: «Չկա հստակ ժանր, որը պետք է ներկայացվի մեզ մոտ. մի անգամ ջազ երաժշտություն է, մյուս անգամ՝ հայտնի ու սիրված երգերի «քավրներ», հաջորդ անգամ՝ մեկ այլ բան: Շաբաթվա մյուս օրերին կարող է հնչել կիթառ, դաշնամուր»,- նշեց նա:

 

Հետաքրքիր ձևավորում ունեցող այս ակումբն ունի և՛ բացօթյա, և՛ փակ սրահներ: Խաղաղ միջավայրն ու լավ երաժշտությունը հաճելի մթնոլորտ են ստեղծում հանգիստը վայելելու համար:

 

Ակումբի ամեն անկյունում կարելի է գտնել յուրօրինակ ատրիբուտներ, որոնցով ոճաբաններն ու ակումբի տնօրինությունը հետաքրքիր լուծումներ են տվել ժամանցի նորաբաց կենտրոնին:

 

Ամալյա Հովհաննիսյան