Վարչապետ Հովիկ Աբրահամյանը Ֆրանսիայի Հանրապետության Ազգային տոնի առթիվ այսօր այցելել է Հայաստանի Հանրապետությունում Ֆրանսիայի Հանրապետության դեսպանատուն: Վարչապետը ՀՀ կառավարության և անձամբ իր անունից շնորհավորել է դեսպան Անրի Ռենոյին, դեսպանատան անձնակազմին և Ֆրանսիայի բարեկամ ժողովրդին՝ Ազգային տոնի 225-ամյակի առթիվ, մաղթել բարօրություն և հետագա առաջընթաց:

 

«Այսօրվա խորհուրդը, որքան հոգեհարազատ է ֆրանսիացիներին, նույնքան ոգևորիչ է բոլոր ազատատենչ ժողովուրդների համար: Այն վեհ գաղափարները, որոնց համար պայքարում էին ֆրանսիացիները, ուղղորդեցին նաև բազմաթիվ այլ ժողովուրդների իրենց ազնիվ մղումներում՝ հանուն ազատության, հավասարության և առաջընթացի»,- նշել է Հովիկ Աբրահամյանը:

 

Վարչապետն ընդգծել է, որ Հայաստանի և Ֆրանսիայի՝ պատմական սերտ կապերի և ընդհանուր արժեքների վրա հիմնված բարեկամական, միջպետական հարաբերությունները մշտապես նշանավորվել են վերընթաց զարգացմամբ: Հովիկ Աբրահամյանը հայ-ֆրանսիական փոխհարաբերությունները որակել է որպես առանձնաշնորհյալ և օրինակելի ու շնորհավորանքի խոսք հղել նաև Ֆրանսիայում բնակվող հայերին, ովքեր իրենց անգնահատելի ներդրումն ունեն երկու երկրների բարեկամության ամրապնդման և համագործակցության զարգացման գործում:

 

«Ուրախ եմ նշել, որ այսօր երկու պետությունների միջև առկա է բարձր մակարդակի քաղաքական կանոնավոր երկխոսություն, ինչն արտահայտվում է տարբեր մակարդակի փոխայցերով: Ասվածի վառ վկայությունն է այս տարվա մայիսի 12-ին Ֆրանսիայի Հանրապետության Նախագահ Ֆրանսուա Օլանդի՝ Հայաստան կատարած պետական այցը, որը նոր լիցք հաղորդեց մեր բարեկամ երկրների միջև հարաբերությունների ամրապնդմանը։

 

Հայ-ֆրանսիական բազմաոլորտ օրակարգում առաջնային նշանակություն ունի առևտրատնտեսական կապերի ընդլայնումը։ Մեր երկրներն արդյունավետ փոխգործակցություն են ծավալում նաև մշակույթի, գիտության և կրթության ոլորտներում: Կարևորում եմ նաև Ֆրանկոֆոնիայում Հայաստանի ակտիվ մասնակցությունը, ինչը վկայում է ֆրանսերենի և ֆրանսիական մշակույթի հանդեպ հայ ժողովրդի հետաքրքրվածության ու համակրանքի մասին: Մենք բարձր ենք գնահատում նաև Մինսկի խմբում համանախագահող Ֆրանսիայի՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորմանը միտված ջանքերը»,- հավելել է Հովիկ Աբրահամյանը:

 

Կառավարության ղեկավարը բարձր է գնահատել դեսպան Ռենոյի անձնական ներդրումը բարեկամության և փոխըմբռնման ոգով զարգացող երկկողմ հարաբերություններում և նշել. «Այս գեղեցիկ տոնի առիթով բարեկամ Ֆրանսիային մաղթում եմ խաղաղություն և բարեկեցություն, իսկ հայ-ֆրանսիական հարաբերություններին՝ նոր ձեռքբերումներ»:

 

Վարչապետ Աբրահամյանն այնուհետև մասնակցել է Ֆրանսիայի ազգային տոնի առթիվ կազմակերպված հանդիսավոր ընդունելությանը և Երևանի թիվ 119 ավագ դպրոցի սաների կատարմամբ ունկնդրել Հայաստանի ու Ֆրանսիայի օրհներգերը»: