ՀՀ քաղաքացիական ծառայության խորհուրդը քաղաքացիական ծառայության համակարգում ընդգրկված թվով 8 պետական մարմինների աշխատակազմերում (ՀՀ առողջապահության նախարարություն, ՀՀ մշակույթի նախարարություն, ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն, ՀՀ քաղաքացիական ծառայության խորհուրդ, ՀՀ ԿԱ քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչություն, ՀՀ հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողով, ՀՀ գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության ծառայություն, ՀՀ Սյունիքի մարզպետարան) 2014թ. առաջին կիսամյակում անցկացրել և ավարտել է իր իրավասություններից բխող 10 ուսումնասիրություն:

 

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ քաղծառայության խորհրդի մամուլի բաժնից, հաշվետու ժամանակաշրջանում անցկացված ուսումնասիրությունների արդյունքում ՀՀ առողջապահության նախարարության և ՀՀ գյուղա­տնտե­սության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայության աշխատակազմերում հայտնաբերվել է երկու խախտում:

 

Մասնավորա պես, ՀՀ առողջապահության նախարարության աշխատակազմում արձանագրվել է քաղաքացիական ծառայության պաշտոն զբաղեցնողներից մեկի հետ ժամկետային աշ­­խա­տան­քային պայմանագրի կնքման օրենսդրական պահանջների խախտման դեպք: ՀՀ ՔԾԽ-ի համապատասխան որոշման հիման վրա ժամկետային աշխատանքային պայմանագիրը լուծվել է և տվյալ անձն ազատվել է զբաղեցրած պաշտոնից:

 

ՀՀ գյուղա­տնտե­սության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայության աշխատակազմում հայտնաբերվել է քաղաքացիական ծառայության համապատասխան պաշտոնի անձնագրով ներկայացվող բարձրա­գույն կրթություն ունենալու պահանջին չբավարարելու, ըստ այդմ՝ օրենքով սահ­մանված կարգի խախտմամբ քաղաքացիական ծառայության պաշտոնի նշանակված լինե­լու դեպք:

 

Մասնավորապես, ծառայության աշխատակազմի Գեղարքունիքի մարզային կենտրոնի գլխավոր մասնագետ-տեսուչներից մեկի անձնական գործում ներառված դիպլոմի համաձայն, նա 1988-1994 թվականներին սովորել և ավարտել է Ռուսաստանի Դաշնության Նովոչերկասկի Ա.Կ. Կորտունովի անվան Պատվո Նշանի շքանշանակիր ինժեներա-հողաշինական ինստիտու­տը:

 

Դիպլոմի իսկությունը պարզելու նպատակով հարցում է կատարվել վերոնշյալ ինստիտուտ, որտեղից ստացված պատասխանից պարզվել է, որ նշված համարով դիպլոմ տվյալ անձին չի տրվել: Ելնելով դրանից' ՀՀ ՔԾԽ-ն ՀՀ գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայության աշխատակազմի ղեկավարին միջնորդել է զբաղեցրած պաշտոնից ազատել տվյալ անձին: Փաստի առիթով նախապատրաստված նյութերը տրամադրվել են իրավապահ մ արմիններին' դրանց հե­տա­գա ընթացքը լուծելու համար:

 

Կատարված մյուս ուսումնասիրությունների արդյունքում օրենսդրության պահանջների հետ կապված խախտումներ, թերացումներ և բացթողումներ չեն հայտնաբերվել:

 

Ուսումնասիրությունները պարբերաբար անցկացվում են համապատասխան մարմինների աշխատակազմերում կադրային գործի, քաղաքացիական ծառայողների անձնական գործերի վարման ոլորտում «Քաղաքացիական ծառայության մասին» ՀՀ օրենքի դրույթների, Խորհրդի որոշումների և այլ իրավական ակտերի կատարման վիճակը պարզելու նպատակով: