Իսրայելի բոլոր սուպերմարկետները հաջորդաբար սկսել են բոյկոտել թուրքական ապրանքները: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը' վկայակոչելով թուրքական «Սոնդաքիքա» լրատվական կայքը, իսրայելյան խոշորագույն երկու սուպերմարկետների ցանցեր' Rami Levi-ն եւ Bkue Sguare-ը տեղեկացրել են, որ իրենց ապրանքացուցակներից դուրս են բերում թուրքական ընկերությունների արտադրատեսակները:

 

Իսրայելյան Kanal10 հեռուստաալիքը հայտնել է, որ սուպերմարկետների' թուրքական ապրանքների բոյկոտը Թուրքիայի վրա կնստի մոտ 93 մլն դոլար: Իսրայելի մեկ այլ խոշոր սուպերմարկետ' Super Sol-ը եւս հայտարարել է, որ «չի վաճառի թշնամական երկրի ապրանք»:

 

Թուրքական ԶԼՄ-ներն ավելի վաղ հայտնել էին, որ Թուրքիայի սպառողների իրավունքների կազմակերպությունը թուրք սպառողներին կոչ էր արել չգնել իսրայելական արտադրության ապրանքներ: «Իսրայելը կոտորած է իրագործում պաղեստինցիների նկատմամբ, այդ պատճառով անհրաժեշտ է դադարեցնել առեւտրային հարաբերություններն այդ երկրի հետ», -հայտարարել էր թուրքական կազմակերպությունը: