ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը հուլիսի 24-ին ընդունել է Ֆրանսիայի Թուլուզ քաղաքի հայ համայնքի ղեկավար Ստեփան Կոժոյանին և Կլոդ Թուլումջյանին: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ սփյուռքի նախարարության մամուլի և հասարակայնության հետ կապերի վարչությունից, Ստեփան Կոժոյանը և Կլոդ Թուլումջյանը 2007 թվականից Սևանա լճում հետազոտություններ են իրականացնում՝ ուսումնասիրելով լճի էկոհամակարգը, ձկնային պաշարները և Հայաստանում էկոտուրիզմի զարգացման հնարավորությունները:

 

ՀՀ սփյուռքի նախարարը բարձր է գնահատել Ստեփան Կոժոյանի և Կլոդ Թուլումջյանի՝ Հայաստանում էկոտուրիզմի զարգացմանն ուղղված ծրագրերի իրականացման գաղափարը: Առաջարկվել է հիմնել ջրասուզորդների ուսումնական կենտրոն:

 

Քննարկվել են Թուլուզի հայ համայնքի 40 աշակերտ ունեցող մեկօրյա դպրոցին, Հայկական մշակութային կենտրոնին վերաբերող, ինչպես նաև Հայոց Ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումներին համայնքի ակտիվ ներգրավման հետ կապված հարցեր: