Արդեբիլում Իրանի հոգեւոր առաջնորդի ներկայացուցիչ, Այաթոլա Սեիդ Հասան Ամելին հայտարարել է, որ Ադրբեջանը եւ Թուրքիան պաղեստինցիների հետ պատերազմում գաղտնի օժանդակություն են ցուցաբերում Իսրայելին: Այդ մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է qafqaz.ir լրատվական կայքը:
Մեկնաբանելով Գազայում իսրայելա-պաղեստինյան հակամարտությունը, Ամելին ասել է. «Պաղեստինյան ողբերգության հարցում իսլամին հասցված ցավի գլխավոր մեղավորը ոչ թե Իսրայելն է, այլ իսլամական երկրները, որոնք երկակի քաղաքականություն են վարում եւ գաղտնի կերպով օժանդակություն ցուցաբերում Իսրայելին»:
Նշելով, որ Թուրքիան հանդիսանում է Իսրայելի դաշնակիցը, իրանցի հոգեւորականը հայտարարել է. «Թուրքիան Իսրայելին ապահովում է ջրով եւ տրամադրում Ինջիռլիքի ռազմակայանը' օդուժի թռիչքների համար: Իսկ ահա' իսրայելյան տանկերի համար վառելիքն ապահովում է Ադրբեջանը: Բաքուն բավարարում է Իսրայելի էներգետիկ պահանջարկի 40 տոկոսից ավելին»: