«Եթե մեր հասարակության մեջ կան սոցիալական, տնտեսական ու այլ բնույթի խնդիրներ՝ դա չի նշանակում, որ պետությունը պետք է ձեռնպահ մնա ինստիտուցիոնալ բարեփոխումներ, մասնավորապես, սահմանադրական բարեփոխումներ իրականացնելուց: Սահմանադրությունը մեր հասարակական կյանքը կարգավորող փաստաթուղթն է և այն պետք է արտացոլի հասարակական զարգացումներն ու ժամանակակից տենդենցները»,- Լուրեր.com-ի հետ զրույցում ասաց Վայոց ձորի մարզպետ Էդգար Ղազարյանն՝ անդրադառնալով սահմանադրական բարեփոխումների անհրաժեշտությանը և հնչող այն տեսակետներին, թե սահմանադրական բարեփոխումները ժամանակավրեպ են:

 

Էդգար Ղազարյանը նշեց, որ ինքն առավել կողմնակից է կառավարման կիսանախագահական համակարգին: «Ես կարծում եմ, որ ժամանակակից պայմաններում, մեր հայ իրականության մեջ ավելի նախընտրելի է կառավարման կիսանախագահական համակարգը»,- ասաց մարզպետը:

 

Անդրադառնալով այն տեսակետին, թե այս բարեփոխումներն իշխանությունների վերարտադրման համար են արվում, Էդգար Ղազարյանն ասաց. «Դեռևս պարզ չէ, թե կառավարման ինչ մոդելի ընտրության վրա կկանգնի փոփոխություններ պատրաստող հանձնաժողովը: Բացի այդ, հանձնաժողովի առաջարկած մասնագիտական մոտեցումներին հաջորդելու են քաղաքական փաստաթղթի քննարկումները, և դեռևս պարզ էլ չէ, թե վերջնականապես ինչ որոշում կկայացվի: Հետևաբար, եթե չկա կառավարման մոդելի ընտրություն, ժամանակավրեպ են իշխանության կազմավորման հետագա գործունեությանը վերաբերող ենթադրությունները: Ինձ համար պարզ է մի բան, որ այս գործընթացի միտումը բացարձակապես անձնավորված չէ և պայմանավորված չէ այս կամ այն կուսակցության, քաղաքական ուժի շահերով, այլ պետական համակարգի բարեփոխման բնույթ է կրում»: