Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արտաքին գործերի նախարարության գլխավոր նպատակն Ադրբեջանի և Ղարաբաղի միջև հակամարտության կարգավորմանը հասնելն է: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, The European Times գործակալությանը տված հարցազրույցում ԼՂՀ ԱԳ նախարար Կարեն Միրզոյանը հայտարարել է, որ Արցախի ԱԳՆ-ի առաջնահերթությունների շարքում է ԼՂՀ ճանաչման ուղղությամբ դրական միտումների վերականգնումը, ինչպես նաև այլ պետությունների հետ լավ հարաբերությունների պահպանումը, հատկապես այն երկրների, որտեղ հայ համայնք կա:

 

«ԼՂՀ մասնակցությամբ բանակցությունների լիարժեք ձևաչափի վերականգնումը բոլոր փուլերում շատ կարևոր է: Բանակցությունների սեղանին կողմերից մեկի բացակայությունը դժվարացնում է իրական առաջընթացի ձեռքբերման գործընթացը»,- հայտարարել է Միրզոյանը:

 

Նրա խոսքով՝ Ղարաբաղի ժողովրդի ջանքերի շնորհիվ և արտերկրում բնակվող հայրենակիցների օգնությամբ ԼՂՀ տնտեսությունն աստիճանաբար վերականգնվում է և հիմա ներդրումների համար լավ հեռանկարներ կան: «Ներդրողներին գրավում են մեր որակյալ աշխատուժն ու բաց, ազատական ներդրումային միջավայրը»,- ասել է նախարարը:

 

Կարեն Միրզոյանը նշել է, որ հաջորդ տարեվերջին պատրաստ կլինի Մարտակերտը Վարդենիսին կապող ճանապարհը: «Ստեփանակերտի օդանավակայանի վերանորոգումը լրացուցիչ ներդրումային գրավչություն է ապահովելու և հզոր խթան է հանդիսանալու երկրում զբոսաշրջության զարգացման համար»,- հավելել է նա:

 

ԱԳ նախարարը նաև ընդգծել է, որ Ղարաբաղը ոչ միայն երկրի, այլև այդ հողում ապրող ժողովրդի անունն է. մարդիկ, ովքեր պայքարել են անկախության և ազատության համար: «Ոմանք ասում են՝ Լեռնային Ղարաբաղն այնտեղ է, որտեղ ավարտվում է Եվրոպան: Մենք ասում ենք՝ այստեղից Եվրոպան սկսվում է»,- եզրափակել է Կարեն Միրզոյանը: