Պաշտոնական Վաշինգտոնը լուրջ անհանգստություն է հայտնել ադրբեջանցի հայտնի իրավապաշտպան, Խաղաղության եւ ժողովրդավարության ինստիտուտի տնօրեն, Ֆրանսիայի «Պատվո լեգիոն» շքանշանի ասպետ Լեյլա Յունուսի ձերբակալությամբ եւ նրա ամուսնու' Արիֆ Յունուսի նկատմամբ քրեական հետապնդությամբ, որոնց պետական դավաճանության, խարդախության եւ հարկերից խուսափելու հանցանքներ են վերագրվում:

 

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հուլիսի 31-ին ԱՄՆ պետքարտուղարության մամուլի խոսնակ Մարի Հարֆը հայտարարել է, որ «հայտնի իրավապաշտպան Լեյլա Յունուսի եւ նրա ամուսնու' Արիֆ Յունուսի դեմ քրեական մեղադրանքները լուրջ անհանգստություն են առաջացնում եւ վկայում Ադրբեջանում քաղաքացիական հասարակության խաղաղ գործունեության հետագա սահմանափակման մասին:

 

Այդ մեղադրանքները, երեւում է, կապված են ժողովրդական դիվանագիտության ծրագրերում նրա մասնակցության հետ, որոնք ուղղված են տարածաշրջ անում լարվածության նվազեցմանը եւ վստահության ձեւավորմանը: Մենք Ադրբեջանի կառավարությանը համառորեն կոչ ենք անում հարգել իր քաղաքացիների հիմնարար իրավունքները, ապահովել ազատ արտահայտվելու նրանց իրավունքը, որոնք երաշխավորված են երկրի միջազգային պարտավորություններով», -ասել է Մարի Հարֆը:

 

Նույն օրը Յունուսների ընտանիքի դեմ քրեական մեղադրանքները դատապարտող հայտարարությամբ հանդես է եկել ԱՄՆ Հելսինկյան հանձնաժողովը:

 

«Յունուսների ընտանիքի դեմ առաջադրված մեղադրանքները զայրացուցիչ են… Լեյլան եւ Արիֆը երկար ժամանակ ժողովրդական դիվանագիտության ծրագրերի շրջանակում շփվում են Հայաստանի հետ: Այդ պատճառով նրանց դեմ լրտեսության մեջ մեղադրանքներն աբսուրդ են:

 

Մենք Ադրբեջանի կառավարությունից պահանջում ենք հանել այդ մեղադրանքները եւ դադարեցնել Ադրբեջանում ընդդիմության, քաղաքացիական հասարակության եւ լրագրողների դեմ կոորդինացված արշավը, որոնք խաղաղ կերպով իրագործում են ազատ խոսքի եւ ազատ ժողովների իրենց իրավունքը», -ասվում է Հաձնաժողովի համանա խագահներ Բեն Կարդենի եւ Քրիստոֆեր Սմիթի հայտարարության մեջ:

 

Ադրբեջանում իրավապաշտպաններ Լեյլա Յունուսի եւ Արիֆ Յունուսի դեմ քրեական հետապնդումները դատապարտել են «Նորվեգիայի մարդու իրավունքների տուն» հիմնադրամը, միջազգային Amnesty International, բրիտանական Index of Censorship կազմակերպությունները:

 

Լեյլա Յունուսը երեք ամիս ժամկետով ձերբակալվել է «պետական դավաճանության», «հարկերից խուսափելու», «ապօրինի ձեռնարկատիրության», «փաստաթղթեր կեղծելու», «խարդախության» հոդվածներով: Արիֆ Յունուսի նկատմամբ մեղադրանքներ են ներկայացվել «պետական դավաճանության» եւ «խարդախության» հոդվածներով: