Ինչպես տեղեկացրել էինք ավելի վաղ, հուլիսի 31-ին հակառակորդը հարձակում էր գործել հյուսիսային հատվածում մարտական հերթապահություն իրականացնող զորամասերից մեկի պահպանության տեղամասի ուղղությամբ: Նշենք, որ հենակետում գտնվող անձնակազմը գործել է կազմակերպված, ցուցաբերել բարձր մարտական պատրաստականություն և բարոյակամային որակներ, ինչի շնորհիվ հակառակորդը, կրելով բազմաթիվ կորուստներ, հետ է շպրտվել:

 

Ցավոք, գործողության արդյունքում զոհվել են ՊԲ զինծառայողներ 1994թ. ծնված Արարատ Վաչիկի Խանոյանը և Ազատ Արթուրի Ասոյանը:

 

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պաշտպանության բանակի զինծառայող Նորայր Քամալյանը անզեն դիմագրավել է ադրբեջանական հատուկ նշանակության ստորաբաժանումների ուժերին և ստիպել վերջիններիս փախուստի դիմել: Հուլիսի 31-ին հյուսիսային ուղղությամբ մարտական հերթական հերթապահության իրականացնող զորամասերից մեկի պահպանության տեղամասի մարտական հենակետի ուղղությամբ հակառակորդի ձեռնարկած հարձակման ժամանակ շարքային Նորայր Միքայելի Քամալյանը ամբողջովին անզեն վիճակում կարողացել է խուճապի մատնել հակառակորդին և հետ մղել մինչև ատամները զինված ադրբեջանական խմբին:

 

«Երբ տեսա նրանց, ձեռքիս զենք չկար: Հարձակվեցի և փորձեցի ինչքան հնարավոր է՝ վնաս հասցնել: Միաժամանակ գոռում և փորձում էի օգնության կանչել ընկերներիս: Բռնեցի մեկի կոկորդից և փորձում էի խեղդել: Այդ պահին նա հանեց դանակը և դեմքիս հասցրեց խաչաձև հարվածներ: Ես ինձ չկորցրեցի՝ չնայած դրանից հետո երկաթե «կաստետով» ուժեղ հարված ստացա ծնոտիս շրջանում: Կոտրված ծնոտով նրան կարողացա ձգել գետնին»,- ասել է Քամալյանը:

 

Այնուհետև հակառակորդն սկսել է կրակել և դիմել է փախուստի: «Ափսոս, որ ձեռքիս անգամ մի դանակ չկար… Եթե ձեռքիս որևէ զենք լիներ, ավելի շատ վնաս կհասցնեի»,- հավելում է խիզախ զինվորը:

 

Շարքային Քամալյանն այժմ գտնվում է բժիշկների վերահսկողության տակ: Նրա վիճակը գնահատվում է միջին կայուն: Բժիշկները վստահեցնում են, որ կարճ ժամանակահատվածում նա կապաքինվի և կկարողանա վերադառնալ շարք: