Գեղարքունիքի մարզի Ակունք գյուղի «Արաքս-2» արտադրական կոոպերատիվը պանրի արտադրությունն սկսել է 2005 թվականից' տարեցտարի ավելացնելով արտադրանքը եւ ընդլայնելով արտադրության ծավալները:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց ձեռնարկության իրացման բաժնի ղեկավար Վարուժան Մովսիսյանը, այժմ պանրագործարանը օրական մթերում եւ մշակում է 17 տոննա կաթ' արտադրելով ութ տեսակի եւ հինգ ենթատեսակի պանիրներ, որոնք հիմնականում սպառվում են տեղական շուկայում: Եթե 2005 թվականին «Արաքս-2»-ը սահմանափակ հնարավորություններով եւ միայն ընտանիքի անդամների ուժերով արտադրել է ընդամենը 2 տոննա պանիր, ապա 2013 թվականի ընթացքում այն հասցրել է 280 տոննայի: Ձեռնարկությունն այսօր ունի 560 մատակարար տնտեսություն, որոնք տարեցտարի ավելացնում են անասնագլխաքանակը, ձեռնարկության միջնորդությամբ եւ վարկային ծրագրերով բարելավում կովերի ցեղատեսակները, բարձրացնում անասունների կաթնատվությունը: Այստեղ արդեն մշտական աշխատանք են գտել 40 հոգի: Ձեռնարկությունն այժմ իրականացնում է արտադրության տարածքի եւ ծավալների ընդարձակման ծրագրեր եւ շինարարական ու վերազինման աշխատանքներ' միջազգային շուկա դուրս գալու համար: Իրացման բաժնի ղեկավարի հավաստմամբ' արդեն պայմանավորվածություն կա ռուսական կողմի հետ' 2015 թվականին առաջին մատակարարումները կատարելու ուղղությամբ:
«Մեր արտադրանքը բարձր գնահատականի է արժանացել միջազգային շուկաներում, սակայն որպեսզի այնտեղ հայտնվենք մեզ հարկավոր են արտադրության հզոր ծավալներ' դրսի պահանջները բավարարելու համար: Եկող տարվանից գործարկելու ենք նոր արտադրամասը, որով արդեն կկարողանանք կաթի վերամշակումը օրական հասցնել 40 տոննայի' արտադրելով մինչեւ 5 տոննա պանիր: այդ դեպքում արդեն մեր արտադրանքը քանակապես կբավարարի ռուսական շուկայի պահանջները»,-նշեց Վարուժան Մովսիսյանը:
Արտադրական ծավալների ընդարձակման դեպքում այստեղ աշխատատեղերի թիվը կհասցվի մինչեւ 90-ի:
Խոսրով Խլղաթյան