Տեխնոլոգիաներին  լավ տիրապետելու դեպքում էկո-մթերքների ինքնարժեքը  իրականում քիչ կտարբերվի սովորական գյուղմթերքների  գներից, սակայն, ցավոք, Հայաստանում դրանց բարձր  գինը պայմանավորված է պահանջարկի ցածր  մակարդակով:

 

Այս մասին օգոստոսի 4-ին լրագրողների  հետ հանդիպմանն ասաց «Էկոգլոբ»  կազմակերպության տնօրեն Նունե Դարբինյանը: Նա նաև հավելեց, որ պետական մակարդակով օրգանական գյուղատնտեսությունը ներառվել է կառավարության օրակարգում, և գյուղնախարարությունն ունի կարևոր դերակատարություն, ինչն
անչափ ողջունելի է: Օրգանական գյուղատնտեսությունը Հայաստանում անհատների կողմից ներդրվել էր դեռևս 2000-ին, սակայն շարքային գյուղացին բացարձակապես ծանոթ չէ դրա հետ և ակտիվ կիրառում է քիմիան:

 


«Գյուղատնտեսության օրգանական վարումը գյուղատնտեսության այնպիսի համակարգ է, որում ստացվում է բավականաչափ պարեն, միաժամանակ տեղի է ունենում հողի բերրիության ապահովման և ջրային ռեսուրսների օգտագործման խնայողություն, և այն միաժամանակ ապահովում է տնտեսության խնայողականություն: Այսօր հաշվի առնելով, որ սպառողների մեծամասնությունը հեռու է  գտնվում գյուղատնտեսական տարածքներից, գյուղատնտեսության օրգանական վարումը ապահովում է սերտիֆիկացված հսկողություն արտադրանքի անվտանգության նկատմամբ», - ասաց Նունե Դարբինյանը:

 

Եթե Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո աշխարհը կենտրոնացել էր ինտենսիվ գյուղատնտեսության վրա, որն ապահովվում էր մեծածավալ քիմիական պարարտանյութերի կամ պեստիցիդների կիրառման վրա, ապա վաթսունականներից բնապահպանորեն առաջադեմ անձինք Եվրոպայում սկսեցին մտածել այդ թվացյալ բարձր բերքատվություն տվող համակարգի' մարդկության և բնության վրա բացասական ազդեցության մասին:

 

Այսօր աշխարհի ամենախոշոր էկո-մթերքների սպառման շուկաները հանդիսանում են Հյուսիսային Ամերիկան և Եվրոպան: "The World of Organic Agriculture" (Օրգանական գյուղատնտեսության աշխարհ) գրքի 2009-ի հրատարակության համաձայն սերտիֆիկացված օրգանական գյուղատնտեսությամբ զբաղվող կազմակերպությունները Աֆրիկայում զբաղեցնում են 900 հազար հա հողատարածք, Ասիայում՝ 2.9 միլլիոն հա, Եվրոպայում՝ 7.8 հա, Հյուսիսային Ամերիկայում՝ 2.2 միլլիոն հա: