Հայաստանի իշխանություններն, ըստ ամենայնի, վերջնականապես ընտրություն են կատարել եվրոինտեգրացիա՞, թե՞ Եվրասիական միություն երկընտրանքում, ու այդ ընտրությունը վերջինիս օգտին է: Այդ մասին են վկայում վերջին երկու օրերին հնչած մի քանի հայտարարություններ, որոնք պատշաճ ուշադրության չարժանացան նախընտրական գործընթացների շուրջ ստեղծված, ըստ էության, արհեստական աժիոտաժի պատճառով: Նախ՝ հունվարի 14-ին Պաշտպանության նախարարությունում կազմակերպված միջոցառման ժամանակ նախագահ Սերժ Սարգսյանը հայտարարեց, որ ՀՀ անվտանգության առանցքը շարունակելու է մնալ հայ-ռուսական ռազմավարական դաշնակցային գործընկերությունը' դա հիմնավորելով նրանով, որ այն ապացուցել է իր կենսունակությունը:
Երեկ էլ ԱԺ Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Արտակ Զաքարյանն անդրադառնալով խորհրդարանի նախագահի ղեկավարած պատվիրակության' Բրյուսել կատարած այցին, ասել է, որ իրենք եվրոպացի պաշտոնյաներին ներկայացրել են Հայաստանի ռուսական կողմնորոշումը չփոխելու որոշումը, դրա հիմնավորումները, և Եվրոպայում դրանք ընդունվել են ըմբռնումով: Այս իրադարձությունները վերջնականապես ցրեցին անցած տարեվերջին որոշակի շրջանակներում ձևավորված այն տպավորությունները, որ Հայաստանը կարող է փոխել իր աշխարհաքաղաքական կողմնորոշումը և, պոկվելով Ռուսաստանից, գնալ դեպի Եվրամիություն: Արտաքին քաղաքականության դիրքորոշման նման հստակեցումն, ի դեպ, կարող է որոշակի փոփոխություններ մտցնել նաև Հայաստանի իշխանական համակարգի կառուցվածքում: Այդ հնարավոր փոփոխությունների արտաքին «ցուցիչներն» արդեն տեսանելի են գոնե իշխանական վերնախավի ներկայացուցիչների համար:
Մասնավորապես, ՀՀԿ վերնախավի մի շարք անդամներ նկատել են, որ ՊՆ-ում տեղի ունեցած այդ հավաքի ժամանակ «արևմտամետի» համարում ունեցող վարչապետ Տիգրան Սարգսյանը բավական վատ տրամադրություն է ունեցել, մինչդեռ «ռուսամետ» համարվող ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը, հակառակը՝ շատ աշխույժ շփվել է նախագահ Սերժ Սարգսյանի հետ: Հնարավոր է, որ հենց այս հանգամանքով են պայմանավորված վերջին օրերին համառորեն շրջանառվող տեղեկությունները, որոնց համաձայն՝ նախագահական ընտրություններից հետո Հովիկ Աբրահամյանը կհասնի իր վաղեմի երազանքին' նշանակվելով վարչապետի պաշտոնում: