Հայ պատգամավորները դրական են գնահատում Հայաստանի և Ադրբեջանի նախագահների՝ Սոչիում առաջիկայում կայանալիք հանդիպման հանգամանքը և հույս ունեն, որ այն կնպաստի շփման գծում իրավիճակի մեղմացմանը: Հայաստանի խորհրդարանը ներկայացնող քաղաքական ուժերի ներկայացուցիչները փաստում են, որ նման հանդիպումներից հետո միշտ իրավիճակը որոշակիորեն մեղմանում է:

 

«Արմենպրես»-ի հետ զրույցում ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը հույս հայտնեց, որ Իլհամ Ալիևը կհետևի միջազգային հորդորներին և ըմբռնողական մոտեցում կցուցաբերի, որպեսզի հնարավոր լինի հանդարտեցնել իրավիճակը: «Նախագահների մակարդակով ցանկացած հանդիպում ողջունելի է, և ես ակնկալում եմ, որ հերթական հանդիպման ընթացքում կլինեն պայմանավորվածություններ, որոնք կտանեն դեպի խաղաղ բանակցություններ»,- նշեց Բաղդասարյանը:

 

ՀՀԿ խմբակցության ղեկավարն ընդգծեց' կայացած փաստ է այն, որ Հայաստանը վերջին իրադարձություններից հետո ավելի ուժեղ դիրքերից է ներկայանում հանդիպմանը: «Բնականաբար, նրանց հաշվարկների մեջ չէր մտնում, որ իրենց իսկ կազմակերպած դիվերսիոն գործողություններից հետո այդքան կորուստներ կունենան: Եվ մենք, բնականաբար, ինչպես մնացած դեպքերում, այնպես էլ հիմա ավելի ուժեղ դիրքերից ենք մոտենում հանդիպմանը»,- ընդգծեց պատգամավորը:

 

ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Ռուբեն Հակոբյանը նշեց, որ ողջունում է առաջիկայում կայանալիք հանդիպումը՝ ընդծելով, որ նման հանդիպումները որոշակիորեն մեղմացնում են իրավիճակը: «Սակայն չեմ կարծում, որ հանդիպման ընթացքում լուրջ օրակարգ ձևավորվի, կամ ինչ-որ լուրջ որոշումներ կկայացվեն: Հավանաբար, կլինեն քննարկումներ այն մասին, որ հակամարտությունը պետք է լուծվի միայն խաղաղ ճանապարհով, պետք է անհանդուրժողականության դրսևորումները նվազեցնել և նման բնույթի հարցեր»,- նշեց Հակոբյանը:

 

Պատգամավորը կարծում է, որ վերջին իրադարձություններից հետո Ադրբեջանն ավելի թույլ վիճակում կներկայանա հանդիպմանը, քան Հայաստանը՝ ընդգծելով, որ անկախ ձևակերպումներից, բոլորին էլ հայտնի է, որ նախահարձակ լինողը ադրբեջանական կողմն է: «Ադրբեջանի նախագահն էլ պահը բաց չի թողնում հոխորտալու, որ ստատուս-քվոն պետք է փոխել: Սա, կարծում եմ, բոլորն էլ գիտակցում են, և վերջին դեպքերի ֆոնի վրա մեր դիրքերն ավելի ամուր են»,- նշեց Հակոբյանը:

 

Պատգամավորը նաև հույս հայտնեց, որ հանդիպումից հետո շփման գծում առկա լարված իրավիճակը կմեղմանա: Նա նաև ընդգծեց, որ լարվածությունը կարող է մեղմանալ, սակայն վերանալ չի կարող, քանի որ Ադրբեջանը սովորաբար բանակցությունների ժամանակ տված խոստումները հետագայում խախտում է:

 

ԲՀԿ խմբակցության պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը հույս հայտնեց, որ բանակցությունների արդյունքում կարևոր պայմանավորվածություններ ձեռք կբերվեն: «Ցանկանում եմ հուսալ, որ Ալիևը հանդիպման ընթացքում իրեն ուղղված հորդորները կլսի և հետ կկանգնի անօրինական, սեփական ստորագրությամբ իր վրա վերցրած համաձայնագրերին հակասող, անմարդկային գործելաոճից»,- նշեց նա:

 

Պատգամավորը կարծիք հայտնեց, որ Ադրբեջանի ագրեսիան կարող է կապ ունենալ նախագահների սպասվող հանդիպման հետ, քանի որ Ադրբեջանը կարևոր հանդիպումներից և բանակցություններից առաջ միշտ սրել է իրավիճակը շփման գծում: «Այս թեմայի մասին խոսելիս միշտ հույս եմ հայտնել, որ գոնե Ադրբեջանի ժողովուրդը կարող է լսել անկողմնակալ միջազգային հանրության հորդորները և իր իշխանությանը հանդիմանել, որ Ալիևն իր իշխանությունը պահելու համար այլ եղանակ չգտնելով՝ փորձում է դա անել Հայաստանի դեմ ագրեսիայի դրսևորումներով, որով ուզում է վերականգնել ժողովրդի հավատն իշխանության նկատմամբ»,- եզրափակեց պատգամավորը:

 

ԱԺ ՕԵԿ խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանը նույնպես ողջունում է սպասվող հանդիպումը և ընդգծում, որ նման հանդիպումները միշտ էլ դրական կարելի է գնահատել, քանի որ դրանք բանակցային խաղաղ գործընթացի մի մասն են: Պատգամավորն ակնկալում է, որ հանդիպումն արդյունավետ ելք կունենա կլինի և հնարավոր կլինի գոնե հասնել շփման գծում ներկայիս լարվածության թուլացմանը:

 

Բիշարյանը համաձայն է տեսակետի հետ, որ Հայաստանն ավելի ամուր և բարձր դիրքից է մոտենում առաջիկա հանդիպմանը: Պատգամավորի խոսքով, Հայաստանը ոչ միայն առաջիկա, այլ նախագահների մակարդակով բոլոր հանդիպումներին է ներկայացել ավելի ամուր դիրքերից և միշտ էլ այդպես է լինելու:

 

ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հաստատել է, որ մոտակա օրերին սպասվում է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի առանձին հանդիպումները Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հետ: Նա ընդգծել է, որ երբ նրանք նույն պահին և նույն օրը հայտնվեն նույն տեղում, անհնար կլինի չխոսել ԼՂ հակամարտության մասին: