Այսօր Ազգային ժողովում տեղի է ունենալու էթիկայի հարցերով ժամանակավոր հանձնաժողովի նիստը: ԱԺ կայքի համաձայն՝ նիստի օրակարգում ընթացիկ հարցերի հետ միասին քննարկվելու է նաև մի նոր հարց՝ «Կանանց ռեսուրսային կենտրոնի» 2 օր առաջ ներկայացրած դիմումը:

Այս կազմակերպության դիմումը վերաբերում է «Սահմանադրական իրավունք» միության նախագահ Հայկ Բաբուխանյանի կողմից էթիկայի կանոնների խախտմանը: Դիմումի համաձայն՝ պատգամավորը, լինելով նաև «Իրավունք Մեդիա» հոլդինգի խմբագրական խորհրդի նախագահ, սատարել է հոլդինգի մաս կազմող Zaruhi.com ամսագրում և «Իրավունք» թերթում այդ ՀԿ-ի դեմ զրպարտչական նյութեր տպագրելուն:

Էթիկայի հանձնաժողովի վարույթում է նաև Հանրապետական խմբակցության պատգամավոր Մհեր Սեդրակյանի վերաբերյալ «Թրանսփարենսի ինթերնեյշնլե կազմակերպության դիմումը: Հիշեցնենք, որ Մ. Սեդրակյանն անցած տարեվերջին սպառնացել էր իրենից մեկնաբանություն խնդրող՝ «Ա1+» հեռուստաընկերության լրագրող Մհեր Արշակյանին: «Դավայ, դավայ, յալլա, կտամ՝ ծնոտդ կպոկեմ»,- լրագրողին սպառնացել էր Մ. Սեդրակյանը:

Էթիկայի հանձնաժողովում քննարկվում է նաև Դաշնակցություն խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանի դիմումը, որը վերաբերում է կոալիցիոն խմբակցությունների կողմից ընդդիմադիր խմբակցությունների նախաձեռնած արտահերթ նիստի տապալմանը: Ա. Ռուստամյանը գտնում էր, որ այդ նիստին չմասնակցելով՝ 83 բացակա պատգամավորները խախտել են էթիկայի կանոնները:
Հիշեցնենք նաև, որ ԱԺ էթիկայի հարցերով ժամանակավոր հանձնաժողովը շարունակում է նախագահել ՀԱԿ անդամ Նիկոլ Փաշինյանը: Գարնանային նստաշրջանի սկսվելուն պես՝ փետրվար ամսին այն կնախագահի ՀՀԿ անդամ Դավիթ Հարությունյանը: Ավելացնենք նաև, որ այդ հանձնաժողովի նախագահությունը փոխվում է ռոտացիոն կարգով՝ իրար հաջորդելով նախագահում են խորհրդարանական իշխանության և ընդդիմության ամենամեծ խմբակցությունների՝ ՀՀԿ-ի և ՀԱԿ-ի անդամները:

Նաև հիշեցնենք, որ անցած տարեվերջին Էթիկայի հանձնաժողովի նիստերից մեկը սկանդալային ընթացք է ունեցել: Հանձնաժողովի անդամ Դ.Հարությունյանը լքել է նիստը, քանի որ Ն. Փաշինյանը նրան զրկել է քննարկմանը որպես հանձնաժողովի անդամ մասնակցելու հնարավորությունից: Փաշինյանն իր որոշումը բացատրել է ԱԺ կանոնակարգ օրենքով, որը պատգամավորին արգելում է մասնակցել իր հարցի քննարկմանը: Ա. Ռուստամյանի՝ վերը նշված դիմումը վերաբերում է նաև Դ. Հարությունյանի կողմից պատգամավորի էթիկայի կանոնները խախտելուն: ԱԺ-ում սպասում են, որ հենց հանձնաժողովի նախագահությունն անցնի Դ. Հարությունյանին, վերջինս Ն. Փաշինյանից կհանի «մուռը»: