ՀՀԿ Կենտրոն եւ Ավան տարածքային երիտասարդական կազմակերպությունների ներկայացուցիչներն օգոստոսի 9-ին Ծաղկաձորում հանդիպում են ունեցել ՀՀԿ գործադիր մարմնի անդամ, Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի, ՀՀԿ երիտասարդական կազմակերպության (ԵԿ) ղեկավար, ԱԺ պատգամավոր Կարեն Ավագյանի, Կենտրոն եւ Ավան վարչական շրջանների ղեկավարների հետ։

 

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Հայաստանի երիտասարդական հիմնադրամից, ԵԿ նախագահ Կարեն Ավագյանը նշել է, որ ՀՀԿ հերթական համագումարից հետո այս ձեւաչափով երիտասարդ ՀՀԿ-ականների առաջին հանդիպումն է։ Տարբեր տարածքային կազմակերպությունների երիտասարդների համատեղ հանդիպումները խորացնում են համագործակցությունն ու ավելի արդյունավետ են։

 

Կարեն Ավագյանը շեշտել է, որ ՀՀԿ-ն կուսակցական աշխատանքում մեծ ուշադրություն է դարձնում երիտասարդ կադրերի առաջխաղացմանը։ Մասնավորապես, վերջին համագումարի ընթացքում որոշ տարածքային կազմակերպությունների ԵԿ անդամներ իրենց կառույցների ներկայացմամբ դարձան ՀՀԿ խորհրդի անդամներ։ Քննարկելով որոշ կուսակցական հարցեր՝ ՀՀԿ երիտասարդական կառույցի ղեկավարը շեշտել է, որ տարածքային կազմակերպությունների հետ բոլոր պայմանավորվածությունները պահվում եւ կատարվում են։

 

Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը, դիմելով երիտասարդներին, նշել է նրանց մեծ դերն ինչպես կուսակցական աշխատանքում, այնպես էլ մասնագիտական ոլորտներում, որոշումների կայացման հարցում։ Սակայն, այդուհանդերձ, ըստ քաղաքապետի՝ ձեռք բերածով բավարարվել պետք չէ. ամեն օր պետք է դնել նոր խնդիրներ եւ հաջողությամբ լուծել դրանք։ Նա կարեւորել է կուսակցական գործունեության մեջ երիտասարդների ազնվությունն ու նվիրվածությունը, ինչն արդյունավետ աշխատանքի առաջին գրավականն է։ «Ես երիտասարդների կողքին եմ, քանի որ ձեզնից մեկն եմ։

 

Այսօր երիտասարդն երին տրված հնարավորությունները մեծ են, սակայն շատ բան ձեզնից է կախված։ Չպետք է խուսափել առաջին կարգի մասնագետի կամ ցածր պաշտոնների աշխատանքից։ Պետք է ձեր աշխատանքը սկսեք ինչ-որ կետից եւ ընթացքում ձեր կարողությունների, նվիրվածության շնորհիվ առաջ ընթանաք»,- նշել է քաղաքապետը։

 

Տարոն Մարգարյանը պատասխանել է նաեւ երիտասարդ կուսակիցների հարցերին, որոնք վերաբերում էին մայրաքաղաքի կանաչապատման, տրանսպորտի, կառուցապատման, Էրեբունի-Երեւան տոնախմբության նախապատրաստական աշխատանքներին։ Քաղաքապետը տեղեկացրել է, որ աշնանը հրավիրվելիք համաժողովի ընթացքում ներկայացվելու է մինչեւ 2025թ. Երեւան քաղաքի զարգացման ծրագիրը, որտեղ ներկայացված են մայրաքաղաքի խնդիրներն ու դրանց լուծումները։

 

ՀՀԿ երիտասարդների հետ խոսելով վերջին օրերին սահմանին արձանագրված լարվածության մասին՝ Տարոն Մարգարյանը շեշտել է, որ եթե անհրաժեշտություն լինի, իրենք նույնպես գնալու են դիրքեր։ «Մենք պահելու ենք մեր սահմաններն ու փոխանցենք այն մեր երեխաներին,- նշել է քաղաքապետը՝ իրեն ու իր կուսակիցներին քննադատողներին ասելով,- կյանքը ցույց կտա, թե ով է իրականում զինվորի ու բանակի կողքին»: