ԿԲ խորհուրդը 2014թ. օգոստոսի 12-ի նիստում որոշել է իջեցնել վերաֆինանսավորման տոկոսադրույքը 0.25 տոկոսային կետով՝ սահմանելով 6.75%: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ԿԲ հասարակայնության հետ կապերի բաժնից, 2014թ. հուլիսին արձանագրվել է 0.9% գնանկում՝ նախորդ տարվա նույն ամսվա 0.4% գնաճի դիմաց, որի պարագայում 12-ամսյա գնաճը նվազել է՝ կազմելով 0.4%: Խորհուրդը կարծիքով 12-ամսյա գնաճն առաջիկա ամիսներին աստիճանաբար կաճի և 2015թ. առաջին եռամսյակից կկայունանա իր նպատակային ցուցանիշի շրջակայքում:

 

Խորհուրդն արձանագրել է, որ աշխարհաքաղաքական զարգացումների ներքո արտաքին հատվածում ավելացել են անորոշությունները՝ կապված գործընկեր երկրների տնտեսական հեռանկարների հետ, այդուհանդերձ, արտաքին հատվածից էական գնաճային ճնշումներ չեն ակնկալվում:

 

Խորհրդի գնահատմամբ, 2014թ. երկրորդ եռամսյակում պահպանվել է ներքին և արտաքին թույլ պահանջարկը, որը նպաստել է գնաճի ցածր մակարդակի ձևավորմանը: Օգոստոսից էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացումը և չորրորդ եռամսյակից մի շարք ապրանքատեսակների գծով դրոշմապիտակների ներդրումը որոշ չափով կընդլայնի գնաճային միջավայրը, այնուամենայնիվ, կարճաժամկետ հատվածում 12-ամսյա գնաճը դեռևս կմնա ցածր մակարդակում՝ տարեվերջին գտնվելով նպատակային ցուցանիշի տատանումների թույլատրելի միջակայքի ստորին սահմանին մոտ:

 

Դրամավարկային պայմանների թուլացումը՝ զուգորդվելով 2014թ. երկրորդ կեսից սպասվող ընդլայնողական հարկաբյուջետային քաղաքականությամբ, կհանգեցնի համախառն պահանջարկի ընդլայնմանն ու գնաճի տեմպերի վերականգնմանը 2015թ.-ի ընթացքում:

 

ԿԲ խորհուրդը համակարծիք է եղել, որ, արտաքին և ներքին տնտեսական հետագա զարգացումներից ելնելով, հնարավոր են ճշգրտումներ դրամավարկային քաղաքականության ուղղություններում' ապահովելով գնաճի նպատակի իրագործումը կանխատեսվող հորիզոնում:

 

Լոմբարդային ռեպոների և ներգրավված միջոցների տոկոսադրույքները սահմանվել են համապատասխանաբար 8.25% և 5.25%: